Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սպառման աճ կա, նշանակում է՝ մարդիկ ավելի լավ են ապրում. նախարար (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
finnax

Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը համաձայն չէ ընդդիմադիր պատգամավորների պնդումներին, թե հաջորդ տարի 10 տոկոսով վատ ենք ապրելու. «2018 թվականին, եթե մեզ հաջողվում է իրագործել մեր ծրագրերը, 3600 դոլար շուրջ մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն աճելու է 300 դոլարով»: Կարապետյանի կառավարությունը այս տարի Հայաստանում արձանագրել է սպառման աճ, նշանակում է՝ արդեն այսօր մարդիկ ավելի լավ են ապրում. «Սկսում է մարդը ավելի շատ սպառել եւ տնային տնտեսությունն ավելի շատ սպառել, եթե ա) տվյալ պահին իր մոտ կա եկամուտների աճ եւ բ) ինքը ունի ակնկալիքներ, դրական սպասումներ ապագայի նկատմամբ»: Նախարարը չի կիսում նաեւ մտահոգությունները, թե Կարեն Կարապետյանի կառավարությունը շատ աշխատատեղեր է փակում: Նա այսօր հնչեցրեց սենսացիոն մի թիվ՝ նախորդ տարվա երկրորդ եռամսյակի համեմատ այս տարի ստեղծված աշխատատեղերի մասով. «Ըստ Ազգային վիճակագրական ծառայության՝ երկրորդ եռամսյակին աճել են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ շուրջ 45 հազար նոր աշխատատեղեր»: Նույն վիճակագրության վրա հենվելով՝ նախարարն ասում է, որ կրճատվել է գործազրկությունը: Կյանքի որակն արագորեն չլավացնելը Վարդան Արամյանը բացատրում է միջազգային կազմակերպություններին ունեցած պարտքի սպասարկման ծախսերով՝ եթե պարտք չվերադարձնեինք, ավելի լավ կապրեինք: Ի դեպ, նախարարը անդրադարձավ նաեւ նվազագույն աշխատավարձը հաջորդ տարի չբարձրացնելու խնդրին. «Նվազագույն աշխատավարձը, դուք մոռանում եք, որ բարձրացրել ենք 2012 թվականի համեմատ շուրջ 70 տոկոսով»: Նախարարը պետք է ազնիվ լինի հայ ժողովրդի հետ եւ ասի, որ իր խնդիրը հենց հաջորդ տարի աշխատավարձերը եւ թոշակները բարձրացնելը չէ, որովհետեւ ինքը դրանով ապագայի հարց չի լուծում: Աշխատավարձերը եւ թոշակները կբարձրանան միայն կայուն տնտեսական աճով. «Հիմա արձանագրում եմ, որ այս տարի մենք ունենք 4,5 տոկոս կանխատեսվող տնտեսական աճ, դա պետք է կայունացնենք միջնաժամկետով»: