Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սովորել, աշխատել են, թող գան մուծեն՝ ծառայեն. Կարինե Աճեմյանը ներկայացնում է նոր նախագիծը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
karine

Ազգային ժողովը քննարկում է «Սահմանված կարգի խախտմամբ զինվորական պարտադիր ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։ Զեկուցողը ՀՀԿ պատգամավոր Կարինե Աճեմյանն է։ Հիշեցնենք, մեկ շաբաթ առաջ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին առաջարկություններին, որով զինվորական ծառայությունից խուսափած անձանց գումարի դիմաց քրեական պատասխանատվությունից ազատվելու հնարավորություն է տրվում: Օրենքի նախագծով առաջարկվում է սահմանել, որ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացին իր նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու, օրենքով սահմանված պարտադիր զինվորական ծառայությունից ազատման կամ պարտադիր զինվորական ծառայության զինվորական զորակոչից տարկետման իր իրավունքը ձևակերպելու, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով պահեստազորում հաշվառվելու նպատակով կարող է օրենքի խախտմամբ չզորակոչված յուրաքանչյուր զորակոչի դիմաց վճարել ամսական նվազագույն աշխատավարձի 200-ապատիկի չափ գումար, այսինքն՝ 200 հազար դրամ՝ յուրաքանչյուր բաց թողած զորակոչի համար։ Նախկինում այդ թիվը 100 հազար էր։ Այսպիսով, օրենքի գործողության ժամկետը կերկարացվի մինչև 2017 թվականի դեկտեմբերի 1-ը: Այսինքն, ՀՀ սահմաններից դուրս գտնվող և պարտադիր զինծառայություն չանցած ՀՀ այն քաղաքացիները, ում 27 տարին լրացել է մինչև 2017 թվականի դեկտեմբերի 1-ը, կկարողանան տույժի դիմաց ազատվել քրեական հետապնդումից: Ըստ «Ծառուկյան դաշինքի» պատգամավոր Սերգեյ Բագրատյանի՝ տպավորություն կա, որ այսպիսով կառավարությունը գումարի խնդիր է լուծում, մինչդեռ վերադարձի խնդիր պետք է լուծել։ Վարդան Բոստանջյանն էլ առաջարկում է հին գումարի չափը թողնել անփոփոխ։ Մինչդեռ, Կարինե Աճեմյանի համոզմամբ, դա մեծ գումար չէ. «Զորակոչից խուսափելը հանցագործություն է, եթե այդ մտադրությամբ են հեռացել, այդ գումարն ամենաօպտիմալն է, 500ապատիկի չափով առաջարկվածը շատ մեծ էր, մենք հասկացանք։ Այդ մարդիկ սովորել, աշխատել են այդ տարիներին, դա մեծ գումար չէ, եթե օրենք են խախտել»։  Ի հավելումն ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ սա նաև անազնիվ է սահմանը պահող զինվորի համար, այնպես որ՝ առաջարկվողը մեծ գումար չէ։