Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Դատավորն ապստամբել է փաստաբանների դեմ». Սասնա ծռերի անդամ

Քաղաքականություն
sasnacrer1

«Սասնա ծռեր» խմբին օժանդակելու մեջ մեղադրվող Կարո Եղնուկյանն այսօր բերվել էր նիստերի դահլիճ։ Նա հանդես եկավ հայտարարությամբ և կրկին նշեց, որ իր ինքնազգացողությունը դատարան բերվելիս վատանում է։ Կարո Եղնուկյանն ասաց, որ չի ցանկանում մասնակցել դատական նիստերին, բայց միաժամանակ դեմ չէ, որ իր բացակայության դեպքում մասնակցեն պաշտպանները. «Դուք ինձ դատապարտել եք դանդաղ մահվան»։ Կողմերին լսելուց հետո դատավորը թույլ տվեց, որ այսօրվա նիստին Եղնուկյանը չմասնակցի ու շտապ օգնություն հրավիրեց դատարան։ Ի դեպ, պաշտպաններն այսօր միջնորդեցին, որ ոչ միայն Կարո Եղնուկյանին ազատեն դատական նիստերին մասնակցելուց, այլ նաև փոխեն խափանման միջոցը։ Պաշտպաններից Արա Ղարագյոզյանը նույնիսկ նշեց, որ եթե Կարո Եղնուկյանը չենթարկվի կանոններին ու ազատության մեջ իրեն պատշաճ չդրսևորի, ապա իրեն՝ փաստաբանին, կարող են կալանավորել։ Դրանից հետո փաստաբան Գրիշա Բալասանյանն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց դատավոր Արտուշ Գաբրիելյանին։ Դրա համար հիմք է հանդիսացել այն, որ դատավորը հարցազրույց է տվել լրատվամիջոցներից մեկին՝ նիստերի չկայանալու մեջ մեղադրելով փաստաբաններին։ Փաստաբանը նշեց, որ դատավորը նման իրավունք չուներ և հարցազրույցում բացասական ընդգծված վերաբերմունք է դրսևորել փաստաբանների նկատմամբ։ «Փաստորեն ապստամբ դատավոր ունենք, ապստամբել է փաստաբանների դեմ»,- ասաց ամբաստանյալ Աշոտ Պետրոսյանը։ Այս պահին դատավոր Արտուշ Գաբրիելյանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ինքնաբացարկի վերաբերյալ որոշում կայացնելու։