Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կրթությունը գերակա իրավունք է. հայտարարություն

Հասարակություն
photo-1

Կրթական քաղաքացիական նախաձեռնության հայտարարությունը՝ տարկետման իրավունքի, կրթական խնդիրների և ուսանողների շարժման վերջին դեպքերի վերաբերյալ                              ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ   ԳԵՐԱԿԱ   ԻՐԱՎՈՒՆՔ Է Ազգային ժողովի կողմից ընդունվեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը՝ լիովին անտեսելով հացադուլի և դասադուլի դիմած ուսանողների պահանջը, դասախոսական և փորձագիտական հատվածի ծանրակշիռ փաստարկներով ահազանգերն ու առաջարկությունները: Կրթական ոլորտի վերջին զարգացումները, կրթական համակարգը փլուզելու, անդառնալի հետևանքներ պարունակող հարված հասցնելու գործելաոճը, և ընդհանրապես կառավարության որդեգրած կրթական բյուջետային քաղաքականությունը խորին մտահոգություն են առաջացնում։ Փաստում ենք, որ. 1. Այս օրինագիծն անցկացնելու համար չիրականացվեցին իրական, բազմակողմանի կարծիքների ու փորձագետների ներգրավմամբ հանրային քննարկումներ: 2. Ընդհանրապես չդիտարկվեցին օրինագծից բխող հետևանքները, որպիսիք են սովորելու մոտիվացիայի կտրուկ անկումը, ԲՈՒՀ ընդունվողների թվի կրճատումը, դպրոցահասակ տղաների արտագաղթը, գիտությամբ զբաղվելու և Հայաստանում մնալու մոտիվացիայի վերացումը, կրթության ռազմականացումն ու ռազմական դիսկուրսի կողմից կրթության բովադնակության գաղութացումը: 3. Կրթական համակարգի վնասներն ու ռիսկերը գնահատելու ուղղությամբ որևէ հետազոտություն կամ համապարփակ քննարկումներ չիրականացվեցին, չդիտարկվեց, թե ինչ ռիսկեր է պարունակում օրենսդրական նախագիծը, և ինչպես է պլանավորվում կարգավորել կամ կառավարել դրանք: Հաշվի առնելով վերագրյալը և հանրության, ուսանողական, ակադեմիական գիտակից հատվածի ծանրակշիռ փաստարկներով հիմնավորված դիրքորոշման անտեսումը՝ Կրթական-քաղաքացիական նախաձեռնությունը, վերահաստատելով կրթության ֆինանսավորման կրճատման քաղաքականությունից հրաժարվելու իր հանրային պահանջը և միանալով տարկետման իրավունքի վերականգնման առկա ուսանողական պահանջին, ՀՀ կառավարությանը և ԱԺ բոլոր խմբակցություններին ԿՈՉ ԵՆՔ ԱՆՈՒՄ. 1. Պահպանել ժողովրդավար և սոցիալական պետության սահմանադրական հիմնարար սկբունքը՝ ընդունելով տարկետման իրավունքի վերականգման վերաբերյալ հանրության պահանջը: 2. Դադարեցնել տարկետման իրավունքի պահպանման պահանջով հանդես եկող ուսանողների դեմ բուհերում կիրառվող վախի, ճնշումների, վարչական ռեսուրսների և արգելքների ու սպառնալիքների մեթոդների կիրառումը: 3. Բացառել դասադուլավորների նկատմամբ՝ ոստիկանության և այլ կառույցների կողմից ուժի և բռնության որևէ գործողության հնարավորություն: 4. Տրամադրել հարթակ ԿՔՆ-ի կողմից բարձրաձայնած՝ կրթության ու գիտության ֆինանսավորման վերաբերյալ հանրային պահանջի արդյունավետ և մասնակցային քննարկման համար: ՈՂՋ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ ԿՈՉ ԵՆՔ  ԱՆՈՒՄ ինքնակազմակերպվել հանուն սոցիալական արդարության և կրթության իրավունքի, որը մեր երկրի զարգացման ու նաև բանակի հզորացման միակ գրավականն է, ոտքի ելած ուսանողների հետ պայքարել սոցիալական արդարության, հանրակրթության և բարձրագույն կրթության  ոլորտի համակարգային խնդիրների դեմ: Կրթական քաղաքացիական նախաձեռնություն (Նախաձեռնությունը կրթական ոլորտի 9 մասնագիտական կազմակերպությունների, անհատ փորձագետների և 150-ից ավելի քաղաքացիների միավորում է)