Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ օրենքը չի արգելում զվարճանքի կամ բիզնեսի համար օգտագործել կենդանիներին

Քաղաքականություն
yndz

Օրեր առաջ բացված «Ռիո» առևտրի կենտրոնի շուրջ արդեն դժգոհություններ են պտտվում։ Իսկ դրանց առիթը կենտրոնում դեռևս չբացված էկզոտարիումն է։ Ֆեյսբուքյան օգտատերերը յուրօրինակ ակցիա սկսեցին՝ «Ռիոյի» ֆեյսբուքյան էջին նվազագույն գնահատական տալով՝ այդպիսով ապահովելով էջի ցածր վարկանիշը։ Օգտատերերը, կարելի է ասել, հաջողության հասան, քանի որ այսօր արդեն այդ գործառույթը փակվեց ֆեյսբուքյան էջում։ «Ռիո»-ի տարածված տեղեկատվության համաձայն՝ էկզոտարիումում պետք է պահվեն այնպիսի կենդանիներ, ինչպիսիք են ընձառյուծակատու, կենգուրու, կրիաներ։ Թեմայի շուրջ զրուցեցինք «Բնության համաշխարհային հիմնադրամ-Հայաստան»-ի (WWF) ծրագրի համակարգող Արսեն Գասպարյանի հետ, որը ևս իր դժգոհությունն էր հայտնել ֆեյսբուքյան հարթակում։ Արսեն Գասպարյանը նշեց, որ այդ կենդանիները բնորոշ չեն մեր բնությանը։ «Թե իմ և թե այլ մասնագետների կարծիքով՝ կենդանիները անազատության պայմաններում պետք է պահվեն միայն կենդանաբանական այգում, որովհետև կենդանաբանական այգին ունի կոնկրետ նպատակ՝ կրթել երեխաներին և վայրի բնությունից դուրս պահպանել այդ կենդանիներին։ Մոլի դեպքում նման բան չի կարող տեղի ունենալ։ Դա միայն զվարճանքի օբյեկտ է դառնում։ Խոսելով այն մասին, թե արդյոք հնարավոր չէ՞ օրինական դաշտում կարգավորել խնդիրը, Արսեն Գասպարյանը կարծիք հայտնեց, որ օրենքը նման հարցերը հստակ չի կարգավորում. «Ես կարծում եմ, որ բոլոր փաստաթղթերը կենդանիների տեղափոխման համար կան, քանի որ այդքան մեծ գումարներ ծախսելով՝ դժվար թե ապօրինություններ թույլ տան, խնդիրն այն է, որ մեր կարգավորումները չեն համապատասխանում մեր ցանկություններին։ Այն օրենսդրական դաշտը, որն ունենք, շատ թույլ է»։ Օրենքի սահմաններում է գործում նաև Դիլիջանի դելֆինարիումը։ Այս մասին հայտնեց Դիլիջանի հյուրանոցներից մեկի տնօրենը՝ Վահագն Հարությունյանը։ Նրա խոսքով՝ հյուրանոցը ոչ մի կապ չունի դելֆինարիումի հետ, թեեւ մոտ է հյուրանոցի տարածքին, պարզապես հյուրանոցը զբաղվել է դելֆինարիումի մարքեթինգով։ Սակայն այժմ նպատակահարմար չգտնելով համագործակցությունը՝ այն դադարեցրել են։ Այնուամենայնիվ, տնօրենը ներկայացրեց իրավիճակը. «Դելֆինները պահվում են  հատուկ իրենց համար 3 տարվա մեջ կառուցված դելֆինարիումում։ Ունենք հատուկ ֆիլտրացիոն համակարգ, որով և ապահովում ենք ծովի ջրին անհրաժեշտ բոլոր տարրերը։ Մենք բնապահպանությանն էլ ենք տրամադրել ջրի էքսպերտիզան։ Լողավազանն այնպես է կառուցված, որ թերապիաներ և լող անցկացվեն դելֆինների հետ»։ Հիշեցնենք, հայտնի The Daily Mail պարբերականը նույնպես ժամանակ առ ժամանակ անդրադարձ է կատարում Հայաստանում անթույլատրելի պայմաններում պահվող կենդանիներին։ Վերջին անդրադարձերից էին Երևանի ռեստորաններից մեկում պահվող արջերի և Գյումրու կենդանաբանական այգու մասին հրապարակումները։