Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Լոնդոն թռչողները պաշտպանված էին անձրեւից, Երևան թռչողները՝ ոչ» (տեսանյութ)

Քաղաքականություն
nikol

ԱԺ-ում այսօր Ելք խմբակցության ներկայացրած քաղաքացիական ավիացիայի ոլորտի վերաբերյալ հարցապնդման քննարկմանը «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում հայտարարեց, որ ամենաբարձր գներով վճարում ենք անում տոմսերի համար, սակայն ստանում ամենաանորակ սպասարկումն ու չվերթը. «Անհարմար է. մեր հայրենակիցները ավտոբուսներով գնում են Վրաստան ու այնտեղից թռնում մեկ այլ երկիր: Չեմ հասկանում, թե ինչո՞ւ են այդ ավիաընկերությունները կարծում, թե ՀՀ քաղաքացիներն ամենավճարունակն են ու կարելի է չարտերային թռիչքների համար այդքան թանկ ավիատոմսեր վաճառել, այսպես ասած՝ գցել մեզ: Այստեղ մեր պետության կարգավորիչ գործառույթը շատ կարեւոր է»: Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն իր ելույթում հայտարարեց, որ ինքը շատ չի ճամփորդում, սակայն պատմեց մի դրվագ, երբ ԱԺ պատվիրակությունը մեկնում էր Լոնդոն, չվերթն իրականացավ Մոսկվայի օդանավակայանից. «Աերոֆլոտի օդանավերի մեջ նախկինում հայտարարություններն արվում էին եռալեզու՝ հայերեն, ռուսերեն, անգելերեն: Հիմա հայերենը վերացել է: Երբ Լոնդոնից վերադարձանք Մոսկվա, անձրեում էր, օդանավից դեպի օդակայան ավտոբուսով մոտ 10 րոպե երթեւեկեցինք: Տպավորություն էր, որ ավտոբուսը Պոդմոսկովյե մի տեղ կանգնած էր, գնում-գնում, տեղ չես հասնում: Ավտոբուսից դուրս եկանք ու օդակայան մտանք անձրեւի տակ: Այսինքն, Լոնդոն թռչողները պաշտպանված էին անձրեւից՝ ունեին համապատասխան ծածկ, իսկ Երեւան թռչողները պաշտպանված չէին»:  Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանն իր եզրափակիչ ելույթում անդրադարձավ գիշերային չվերթներին՝ նշելով. «Եվրոպայում տարբեր ուղղություններով չվերթները սկսվում են առավոտյան ժամը 8-ին, դրա համար ՀՀ-ից ու Վրաստանից չվերթներն իրականացվում են առավել վաղ ժամերին: Տրամաբանությունն այն է, որ նրանք հասցնեն առավոտյան մյուս թռիչքներին, որոնց գնալու են այլ ուղղություններով: ՀՀ-ից բոլոր ուղղություններով հնարավոր չէ թռչել: Նույն Աերոֆլոտում, որով ես բավականին հաճախակի եմ թռչում, կան հայերեն լեզվով հաղորդագրություններ: Պարոն Փաշինյանի նշած դեպքերը հիմնականում վերաբերում են այն ինքնաթիռներին, որոնք այլ ուղղություններից են եկել ու սպասարկում: Գյումրին ունի նաեւ հայկական ընկերություններ, միայն ռուսական չեն: Օրինակ՝ «Տարոնավիա»-ն»: Ելք խմբակցության հարցապնդման քննարկումն ավարտվեց: