Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սերժ Սարգսյանը՝ հայկական ավիացիայի վերջին ուղևոր»

Քաղաքականություն
zvartonc

ԱԺ-ում այսօր Ելք խմբակցության ներկայացրած քաղաքացիական ավիացիայի ոլորտի վերաբերյալ հարցապնդման քննարկմանը Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ի տարբերություն ՀՀ-ի, Վրաստանն ունի ազգային փոխադրող. «2013թ. ՀՀ-ն հայտարարեց բաց երկնքի քաղաքականության մասին: 4 տարվա ընթացքում ի՞նչ ենք ստացել եւ կոնկրետ ոլորտի զարգացման ստրատեգիական շահերին»: Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը պատասխանեց, որ իր տեղեկություններով՝ Վրաստանը ազգային փոխադրող չունի, կան վրացական ընկերություններ. «Թռիչքների քանակի անհամեմատ մեծացում ու գների իջեցում է եղել: Անցած տարվա ուղեւորափոխադրումների քանակական աճ՝ 122 տոկոս աճ»: Նիկոլ Փաշինյանն արձագանքեց, որ Վրաստանի Շոթա Ռուսթավելի օդանավակայանը կրկնակի անգամ շատ թռիչքներ է իրականացնում: Վաչե Գաբրիելյանը նշեց, որ սիստեմատիկ հարցում չունեն, պահային հարցումներ ունեն, որոնց հիման վրա եկել են այն եզրակացության, որ իրականությունն այդպես չէ՝ միայն կոնկրետ թռիչքների դեպքում են Վրաստանի օդանավակայանից շատ լինում չվերթները: Արդեն իր ելույթում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 500 մլն դոլար է գնահատվում ՀՀ ավիացիոն շուկայի տարեկան շրջանառությունը. «Չվերթների 53 տոկոսը ռուսական ընկերություններն են իրականացնում, այն էլ՝ միայն ՌԴ: Ի դեպ, 39 տոկոսը չվերթների միայն Մոսկվայի ուղղությունն է: Գյումրիից բացառապես միայն Մոսկվա է թռչում: Շուկան, ըստ էության, մոնոպոլիզացվել է՝ ռուսական ընկերություններին դարձրել ենք ազգային փոխադրող: Վերջին 15 տարում մենք կորցրել ենք մեր ավիացիան ու առկա «Արմենիա» հայկական ընկերությունը, ըստ փորձագետների, մեծ ապագա չունի»:  Նիկոլ Փաշինյանը նաեւ քաղաքական գնահատական տվեց. «Հիշում եք՝ Սերժ Սարգսյանը 2011թ. հայտարարում էր, որ ինքը լինելու է Երեւան-Ստեփանակերտ չվերթի առաջին ուղեւորը, սակայն փաստացի նա դարձել է հայկական ավիացիայի վերջին ուղեւորը, քանի որ նրա ինքնաթիռը միակն է, որի վրա կա հայկական ավիացիայի ատրիբուտիկա»: Հարց ուղղեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը. «Չե՞ք կարծում, որ այդ օդի վարձն էլ, եթե հանվի, ավիատոմսերը այնքան թանկ են, որ այդ օդի վարձն ընդամենը պատճառաբանություն է: Եւ այդ նվաստացուցիչ նեգրի ռեյսերը, երբ եվրոպական օդանավակայան վայրէջք են կատարում կամ գիշերը 4-ին, իսկ տոմսերը, օրինակ, Փարիզից սպիտակ մարդու ռեյսեր են՝ ցերեկվա ռեյսեր, իսկ մեր չվերթների դեպքում տոմսերը մի քանի անգամ ավելի թանկ են, սակայն նեգրի ռեյսեր»:  Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ, այո, այդ խնդիրը գլոբալ առումով կա: