Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«7 միլիոն մարդ ունենք դրսում, էդ օդի հարկով ի՞նչ եք լրացնում»

Հասարակություն
09746db087f27b005790ff01db40a780

ԱԺ-ն այսօր քննարկում է ԵԼՔ խմբակցության ներկայացրած հարցապնդումը քաղաքացիական ավիացիայի ոլորտի վերաբերյալ: Պատգամավորների հարցերին պատասխանում է Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը: Նա նշեց, որ հարցադրումը մասնավորապես վերաբերում է Գյումրի եւ Զվարթնոց միջազգային օդանավակայաններից իրականացվող թռիչքներին: Նա նշեց, որ թռիչքները կանոնավոր են իրականացվում՝ երբեմն ենթարկվելով փոփոխության. այդ հանգամանքը դիտարկվում է կոնկրետ օրվա դրությամբ: ԵԼՔ խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը նրան հարց ուղղեց՝ ասելով. «Մեր ավիաուղիների գները թանկ են. առաջին հերթին դա օդի հարկն է, որը չկա Վրաստանում: 2-րդ պատճառը ավիավառելիքի գներն են՝ 500 դոլար ՌԴ-ում է այն, 200 դոլար՝ Իրանում: Պետք է ուղիներ գտնել ավելի էժան գնում անելու: Զվարթնոց օդանավակայանի սպասարկման գները բավականին բարձր են, այս ուղղությամբ պետք է աշխատել»: Վաչե Գաբրիելյանը նշեց, որ, այո, օդի հարկը ակնհայտ երեւում է գների մեջ. «Օրինակ՝ Գյումրիի օդանավակայանը զերծ է այդ հարկից»: Ի պատասխան Արամ Սարգսյանն ասաց. «Ես տնտեսվարող եմ ու ինձ համար հակասական է, որ ասում եք՝ օդի հարկ ունենալու պայմաններում դա չի ազդում գնի վրա: 7 միլիոն մարդ ունենք դրսում, էդ օդի հարկով ի՞նչ եք լրացնում»: Հիմնական խնդիրը, ըստ Վաչե Գաբրիելյանի, տրանսպորտային ծախսերն են. «Ինչ վերաբերում է սպասարկման գներին, ապա դրանց մեջ կա բազմազանություն»: