Հանուն Հայաստան պետության ճակատի հայտարարությունը Արցախի վերաբերյալ

Հայրենակիցներ,

Ոչ լեգիտիմ սահմանադրական իրավակարգով, կեղծ ընտրություններով, ժողովրդավարության և մարդու իրավունքների ոտնահարմամբ ՀՀ նախագահի պաշտոնը բռնազավթած Ս. Սարգսյանը Արցախի հարցում հանդես է եկել հերթական պարտվողական հայտարարությամբ՝ խոսելով «շահեկան պահին» «ցավոտ փոխզիջումների» անհրաժեշտության մասին:

Հանուն Հայաստան Պետության ճակատը հայտարարում է, որ կտրականապես մերժում ու դատապարտում է Հայաստանի Հանրապետության՝ ներառյալ Արցախի տարածքային ամբողջականության վերաբերյալ առևտրի կամ սակարկության որևէ փորձ:

Միևնույն ժամանակ Հանուն Հայաստան Պետության ճակատը արձանագրում է, որ
. Ս. Սարգսյանի հերթական հայտարարությունը պայմանավորված է բացառապես դրսի ուժերի օգնությամբ Հայաստանում իր դիրքերը ամրապնդելու շարժառիթով և միտված է իր արտաքին հովանավորներին հավատարմության և հնազանդ ծառայելու երաշխիքներ տալուն;
. ՀՀ իշխանությունների ոչ լեգիտիմությունը նրանց զրկում է Արցախի հարցով որևէ պայմանագիր կնքելու իրավունքից, իսկ կնքվող պայմանագրերն անվավեր են ի սկզբանե.
. Ադրբեջանը տևական ժամանակ է, ինչ իր քաղաքականության մեջ առաջնորդվում է բացահայտ հայատյացությամբ, չի թաքցնում Հայաստանը՝ ներառյալ Արցախը, ռազմական ճանապարհով զավթելու իր մտադրությունը: Ցանկացած բանակցություն և փոխզիջումների մասին խոսակցություն օգտագործում է որպես շղարշ իր նպատակներին հասնելու համար.
. վերջին քառորդդարյա միջազգային փորձը ցույց է տալիս, որ «միջազգային երաշխիքները» անկարող են ագրեսորների նկատմամբ հուսալի պատվար դառնալ.
. Խաղաղության հաստատման, Արցախի և ողջ Հայաստանի անվտանգության միակ երաշխավորը ամուր, ժողովրդավար, ինքնիշխան պետությունն է, նրա շուրջ համախմբված համայն հայ ժողովուրդն ու հայ զինվորը.
. ինչպես պետական, ազգային և հասարակական բոլոր ոլորտներում, նույնպես և պաշտպանական ոլորտում ներկա անմխիթար վիճակի պատասխանատուն Սերժ Սարգսյանի գաղութային վարչախումբն է, և առկա բոլոր խնդիրների լուծման նախապայմանը այդ վարչախմբի հեռացումն ու Հայաստանում լեգիտիմ, իրական ժողովրդավարական սահմանադրական իրավակարգի հաստատումն է:

Հաշվի առնելով վերոշարադրյալը՝ Հանուն Հայաստան Պետության ճակատը դիմում է համայն հայությանը զգոնության և անհրաժեշտ պահին ոտքի կանգնելու կոչով, որպեսզի թույլ չտրվի վարչախմբին կյանքի կոչել դավաճանական գործարքը, այլապես Արցախը կարժանանա Նախիջևանի ճակատագրին, իսկ բնակչությանը կսպառնա իսպառ ֆիզիկական ոչնչացում:

Հանուն Հայաստան Պետության ճակատը զգուշացնում է՝

Ցանկացած իշխանություն, որը կփորձի ինչինչ «հիմնավորումներով» օտար ուժի զոհաբերել հայրենիքի շահերը և հազարավոր հայորդիների արյան գնով ազատագրված հայրենիքի մասը հանձնել թշնամուն՝ դատապարտված է և վաղ թե ուշ ենթակա է հայ ժողովրդի արդար դատին
Հայրենիքի դավաճանությունը վաղեմության ժամկետ չունի


Հանուն Հայաստան Պետության ճակատ