Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Իսլամական պետության դեմ պայքարը մոտեցավ իր ավարտին» (տեսանյութ)

Քաղաքականություն
gELuiJj1KLo

Հայաստանի համար Իրանի հետ դաշնակցական հարաբերությունները կենսական նշանակություն ունեն։ Սակայն այժմ Իրանին մեկուսացնելու քաղաքականություն է վարվում, և տրամաբանական է, որ Հայաստանին նույնպես կքարոզեն հակաիրանական տրամադրություններ։ Նման կարծիք է հայտնել այսօր արաբագետ, ԵՊՀ դոցենտ Արաքս Փաշայանը։ «Սաուդյան Արաբիայի նպատակն է ամեն գնով փորձել հակազդել Իրանի և դաշնակից ուժերի առաջխաղացմանը Մերձավոր Արևելքում՝ լինի Սիրիայում, Լիբանանում, Եմենում թե այլ տեղ։ Սաուդյան Արաբիան միայնակ չէ իր այս պայքարում։ Իսրայելը և ԱՄՆ-ն նրա դաշնակիցներն են»,-նշել է արաբագետը։ Նրա խոսքերով՝ այն, ինչ տեղի է ունենում Մերձավոր Արևելքում, հերթական լարվածությունն է, քանի որ այն աշխարհի ամենապայթյունավտանգ տարածաշրջաններից է, որտեղ բախվում են տարբեր երկրների շահերը։ «Մերձավոր Արևելքի հիմնական գերտերությունները՝ Սաուդյան Արաբիան և Իրանը մրցակցում են միմյանց դեմ և մրցակցում են այլ պետությունների տարածքում։ Այսօր մենք ականատես ենք լինում մի շարք միջնորդավորված պատերազմների, որոնք, ըստ էության, ներկայացնում են այդ 2 երկրների առճակատումը։ Մերձավոր Արևելքում պետությունները պայքարում են ազդեցության լծակների համար»,- ասաց Արաքս Փաշայանը։ Խոսելով սիրիական պատերազմից՝ արաբագետն ասաց, որ պատերազմն ավարտված համարելը սխալ կլինի, բայց այն մոտենում է իր ավարտին։ Սիրիան թևակոխում է հետպատերազմյան փուլ, քանի որ իշխանությունները հայտարարել են, որ իրենք տիրապետում են երկրի տարածքի 90 տոկոսից ավելիին։ Կարելի է ասել «Իսլամական պետության» դեմ պայքարը մոտեցավ իր ավարտին։ Բացառություն է կազմում Իդլիբ նահանգը, որտեղ շարունակում են մնալ ջիհադական ուժերը։ «Հաղթանակը Սիրիայում հնարավոր եղավ միջազգային բանակցությունների, համագործակցության շնորհիվ։ Թուրքիան, կարելի է ասել, դիվանագիտական փայլուն հաղթանակ տարավ սիրիական ճակատում։ Վերջինս կարողացավ վերականգնել դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Թուրքիան ամեն կերպ փորձում է կասեցնել Սիրիայի հյուսիսում քրդական ինքնավարության կազմավորումը։ Նա դեռ կշարունակի իր ռազմական ներկայությունը Սիրիայում»։ Արաքս Փաշայանը նկատեց, որ Թուրքիայի առաջխաղացումը Հայաստանի համար կարող է ազդել այնքանով, որ Թուրքիան որպես քաղաքական կշիռ ունեցող ուժ կշարունակի աջակցությունն Ադրբեջանին միջազգային տարբեր հարթակներում՝ օգտագործելով բոլոր հնարավոր ռեսուրսները։