Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ձեր դուխը չի՞ հերիքում մտնել այնտեղ, որտեղ կան արտոնյալներ». Նաիրա Զոհրաբյանը՝ նախարարին (տեսանյութ)

Քաղաքականություն
naira-zohrabyan

ԱԺ-ում այսօր 2018թ. պետական բյուջեի նախագծի քննարկմանը «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հարց ուղղեց Ֆինանսների նախարար Վարդան Արամյանին՝ նշելով. «Բյուջեի նախագծում նշում եք, որ բյուջեի հիմքում լինելու են հարկային հավաքագրումները, ադեկվատ հավաքագրումները: Այն, ինչ անում եք ՓՄՁ-ների հետ, արդյոք դա ադեկվատ հարկային վարչարարությո՞ւն է: Այդ հավաքագրումը պետք է սկսեք այնտեղից, որտեղ կան նման հնարավորություններ: Այսօր 20 հազար ապրանքատեսակ 7 անձ է ներմուծում, հարկ եղած դեպքում կհրապարակենք անունները: Մնացած մոնոպոլիաներում, որտեղ կան բացարձակ օրինախախտումներ, ինչո՞ւ է ձեր ադեկվատ վարչարարությունը բռնել հատկապես այն ՓՄՁ-ներին, որոնք ընդամենը օրվա հաց են վաստակում: Ձեր դուխը չի՞ հերիքում մտնել այնտեղ, որտեղ կան արտոնյալներ»:  Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը հայտարարեց, որ խաղի կանոնները բոլորի համար պետք է լինի նույնը. «Անկախ նրանից՝ ձեռնարկատերը մեծ, թե փոքր է, պետք է կատարի իր հարկային պարտականությունները: Խոշորներին պետք է բերել կարգապահական դաշտ, միջինին թողնել հանգիստ, քանի որ հիմնական հարկահավաքությունը խոշորներից ենք անում»:  Նաիրա Զոհրաբյանն արձագանքեց՝ ասելով. «Զարմանում եմ, որ ՓՄՁ բիզնեսներից ազդակներ չեք ստանում. նրանք հազարներով գալիս են ԱԺ մոտ՝ բողոքի, կարո՞ղ է գալիս են ԱԺ ֆոնի վրա նկարվելու: Մենք կողմ ենք հավասար մրցակցային պայմաններին, սակայն մենք դեմ ենք նրան, որ կան ավելի հավասարներ: Լսեք այդ մարդկանց ձայնը ու ավելորդ հարկային տեռորով մի մղեք նրանց արտագաղթի նոր ալիքի»: «Մենք սիրով ականջալուր կլինենք նրանց»,- վստահեցրեց Վարդան Արամյանը: