Հայաստանում համացանցի ազատության առումով գրանցվել է հետընթաց. Freedom House

Ամերիկայի Ձայն

Հայաստանը 2 միավորի նահանջ է արձանագրել համացանցի ազատության ցուցանիշում, նշում է Freedom House կազմակերպության պատրաստած «Համացանցի ազատություն 2017» զեկույցը, որը դիտարկել է 2016 թվականի հունիսից 2017 թվականի մայիս ընկած ժամանակահատվածը: Հետընթացի արդյունքում Հայաստանը 32 միավորով ստացել է «մասնակի ազատ» գնահատականը՝ հետընթաց գրանցելով նախկին զեկույցի արդյունքների համեմատ, երբ 30 միավորով այն դասվել էր «ազատ» երկրների շարքին: 2013 թվականից ի վեր սա առաջին տարին է, երբ Հայաստանի արդյունքներն ազդել են երկրի դասակարգման վրա:

Զեկույցի համաձայն Հայաստանի իշխանություններն ընդհանուր առմամբ չեն խոչընդոտում օգտատերերի կողմից համացանցի օգտագործմանը: Այն դրական է գնահատում երկրում համացանցի տարածումը, համացանցի ենթակառուցվածքների զարգացումը և հասարակության ավելի լայն շերտերի ընդգրկումը համացանցի օգտագործման հարցում:

Հետընթացի գրանցման հիմնական պատճառներն են, ըստ Freedom House-ի, 2016-2017 թվականների ընթացքում քաղաքական ճգնաժամերի ու խորհրդարանական ընտրությունների օրերին համացանցի, սոցիալական կայքերի արգելափակման և դրանց միջոցով ընտրության օրերին ապատեղեկատվության տարածման դեպքերը: Բացի այդ, կազմակերպության զեկույցը մատնանշում է ընտրության օրերին ուղիղ եթեր իրականացնող լրագրողների նկատմամբ ոստիկանության կիրառած բռնության դեպքերը:

Զեկույցում ընդգրկված նախկին խորհրդային երկրներից առաջին տեղում են 24 միավորով Վրաստանը և 6 միավորով՝ Էստոնիան, որոնք համացանցի ազատության առումով դասվում են ազատ երկրների շարքին: Հայաստանի հետ մեկտեղ մասամբ ազատ երկրների շարքին են դասվել նաև Ուկրաինան, Ադրբեջանը և Ղրղըզստանը: Ոչ ազատ նախկին խորհրդային երկրներից են Բելառուսը, Ռուսաստանը, Ղազախստանն ու Ուզբեկստանը:

Հայաստանի մյուս երկու հարևան երկրները՝ Թուրքիան և Իրանը ևս դասվել են համացանցի ազատության առումով «ոչ ազատ» երկրների շարքին: Ըստ զեկույցի, 2016 թվականի հունիսից մինչև այս տարվա մայիս ընկած ժամանակահատվածն ամենամեծ հետընթացը գրանցել են Թուրքիան, Ուկրաինան և Եգիպտոսը:

Ըստ Freedom House-ի, համացանցային ապատեղեկատվության տարածումն ու հանրային կարծիքի մանիպուլյացիան 2016-2017 թվականներին որոշակի դեր են խաղացել ընտրությունների ժամանակ շուրջ 18 երկրներում, այդ թվում Միացյալ Նահանգներում, որը վնասել է մարդկանց ազատ ընտրություն կատարելու կարողությունը: Ըստ զեկույցի, սա արդեն 7-րդ տարին է, որ ամբողջ աշխարհում գրանցվում է համացանցի ազատության հետընթաց, որը ուղղորդվում է մարդու իրավունքների խախտումներով, բռնության դեպքերի և մոբայլ համացանցային ծառայության միտումնավոր խաթարման դեպքերի աճով:

loading