Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը անմրցունակ է սեփական դաշտում (տեսանյութ)

Սպորտ
futbol

Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականն անհաջող եզրափակեց մրցաշրջան-2017-ը՝ կրելով երրորդ անընդմեջ պարտությունը՝ Եվրոպայի 2019թ առաջնության ընտրական  փուլում: Այսօր մեր 21 տարեկան ֆուտբոլիստների ընտրանին Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում հյուրընկալեց խմբի ընդգծված առաջատար Սերբիայի հավաքականին: Խաղն անցավ հյուրերի խաղային առավելությամբ, որոնք չնայած բազմաթիվ գոլային պահեր ստեղեծեցին, սակայն միայն մեկ անգամ աչքի ընկան: Խաղի 53-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Ալեքսանդր Լուտովացը, որը օգտվելով մեր պաշտպանների դանդաղկոտությունից, թույլ հարվածով գրավեց դարպասի ստորին անկյունը: Հարկ է նշել, որ այսօր իր հուսալի եւ անձնուրաց խաղով առանձնացավ մեր թիմի դարպասապահ Հենրի Ավագյանը, որը մի քանի դրվագներում ետ մղեց սերբերի կատարած վտանգավոր հարվածները, իսկ մի դեպքում նրան օգնության ձեռք մեկնեց դարպասաձողը: Ինչ վերաբերում է մեր մյուս խաղացողներին, ապա նրանք հիմնականում զբաղված էին պաշտպանական գործողություններով եւ շատ հազվադեպ էին դիմում հակագրոհների: Սակայն դրանցից մեկը քիչ էր մնում ավարտվեր դարպասի գրավումով, երբ 86-րդ րոպեին Ռոբերտ Մինասյանը ձախ եզրով ճեղքեց մրցակցի պաշտպանությունը եւ գնդակը փոխանցեց նպաստավոր դիրքում գտնվող Պետրոս Ավետիսյանին: Սակայն մեր թիմի ավագի կատարած ուժգին  հարվածը սերբ դարպասապահը ետ մղեց եւ պահպանեց նվազագույն առավելությունը՝ 0:1: Այդպիսով, Հայաստանի երիտասարդական հավաքականը երրորդ անընդմեջ պարտությունը կրեց սեփական դաշտում, ինչը վկայում է այն մասին, որ մեր թիմն անմրցունակ է Եվրոպայի ընթացիկ երիտասարդական առաջնությունում: Հայաստանի ընտրանին վաստակած 7 միավորով նահանջեց արդեն 4-րդ հորիզոնական, քանի նրան հաջորդող Ավստրիայի հավաքականն այսօր հյուրընկալվելիս 4:0 հաշվով հաղթեց մակեդոնացիներին ու միավորների քանակն հասցրեց 9-ին: Սերբիայի երիտասարդական հավաքականը տարավ 5-րդ անընդմեջ հաղթանակը եւ լիովին ամրապնդվեց առաջին հորիզոնականում: Հայաստանի այս տարիքային ընտրանին հաջորդ հանդիպումը կանցկացնի եկող տարվա սեպտեմբերի 7-ին, երբ արտագնա խաղում կմրցի Ավստրիայի հետ: Այնուհետեւ մերոնք կհյուընկալվեն մակեդոնացիներին ու սերբերին: Հայաստանի Մ-21 հավաքականը Սերբերի հետ խաղին հանդես եկավ հետևյալ կազմով. 1. Հենրի Ավագյան, 2. Հակոբ Համբարձումյան, 3. Արթուր Քարտաշյան, 5. Հակոբ Հակոբյան (18. Ալիկ Առաքելյան, 54), 6. Վահագն Հայրապետյան, 7. Պետրոս Ավետիսյան, 8. Արամ Քոչարյան, 14. Էմիլ Եղիազարյան, 16. Գրիգոր Աղեկյան (19. Ռոբերտ Մինասյան, 61), 21. Հայկ Սարգսյան (4. Գագիկ Մաղաքյան, 65), 23. Նարեկ Պետրոսյան: Հանդիպման 90+3-րդ րոպեին հեռացվեց Արամ Քոչարյանը: