Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իտալիայի հավաքականի պատճառով մարզիչը չի խոսում կնոջ հետ

Սպորտ
a1italia-2

Իտալական «Ջենոա» ֆուտբոլային թիմի գլխավոր մարզիչ Դավիդե Բալարդինին բոյկոտ է հայտարարել իր… կնոջը: 53-ամյա մասնագետը La Reppublica օրաթերթին տված հարցազրույցում խոստովանել է, որ 2018թ աշխարհի առաջնության անցումային խաղում Իտալիայի հավաքականի պարտությունը Շվեդիայի հետ խաղում բացասաբար է անդրադարձել իր ընտանեկան հարաբերությունների վրա: Պարզվում է, որ Դավիդե Բալարդինին արդեն մի քանի օր է չի շփվում իր կնոջ հետ, որն ազգությամբ շվեդ է:     «Ես անցած ուրբաթ օրվանից սկսած չեմ խոսում կնոջս հետ: Նրա հարազատները տոնելով իրենց հավաքականի հաղթանակը, անընդհատ ծաղրում էին մեր ազգային թիմին: Այսպես երկար շարունակել չի լինի», - ասել է փորձառու մարզիչը: Սակայն Իտալիայում այժմ հիասթափություն են ապրում բոլորը, քանի որ իրենց սիրելի հավաքականը՝ «Սկուադրա աձուրան», վերջին 60 տարիների ընթացքում առաջին անգամ չի մասնակցի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլին: Այն, թե ինչպիսի ողբերգություն է ապրում իտալական ժողովուրդն այս ձախողումից հետո, պարզ երեւում է խաղից հետո Իտալիայի հավաքականի ավագ Ջանլուջի Բուֆոնի տված բլից հարցազրույցի ժամանակ, երբ 39-ամյա դարպասապահը չի կարողանում զսպել արցունքները: Վերջին անգամ Իտալիայի հավաքականը աշխարհի առաջնությունը բաց էր թողել 1958 թվականին, երբ ընտրական փուլի վերջին խաղում 1:2 հաշվով անսպասելի պարտվել էր Հյուսիսային Իռլանդիայի հավաքականին: Սակայն այն ժամանակ ֆուտբոլային «ողբերգությունը» տեղի էր ունեցել Իտալիայից հազարավոր կիլոմետրեր հեռու, Բելֆաստում: