Պաշտպանն առաջարկում է կանոնակարգել վիճակախաղի գովազդի հեռարձակումը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում մշակվել է «Գովազդի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծ։  

«Գովազդի մասին», «Վիճակախաղերի մասին», «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին», «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքների և հարակից այլ օրենքների, նաև դրանց  գործադրման պրակտիկայի  ուսումնասիրման արդյունքում, պարզվել է, որ բացակայում է ինտերնետ շահումով խաղերի և վիճակախաղերի (տոտալիզատոր) գովազդի մանրամասն իրավական կարգավորումը։ Մինչդեռ, այդ իրավական բացը կարող է դառնալ անձանց, այդ թվում՝ անչափահասների իրավունքների խախտման պատճառ։

Նախագծով առաջարկվում է կատարել հետևյալ փոփոխությունները «Գովազդի մասին» ՀՀ օրենքում

  • Հեռուստահաղորդակցության ալիքով վիճակախաղի և ինտերնետ շահումով խաղի, ինչպես նաև դրանց կազմակերպիչների գովազդը թույլատրվում է հեռարձակել ժամը 24.00-ից մինչև 06.00-ն ներառյալ:
  • Վիճակախաղի և ինտերնետ շահումով խաղի գովազդի ժամանակ արգելվում է՝
  1. որևէ կերպ դիմել անչափահասներին
  2. մարդկանց կերպարների տեսաձայնային կամ այլ ձևով օգտագործելը
  3. տպավորություն ստեղծել, թե խաղին մասնակցելն ապահովում է պարբերաբար եկամուտ (շահույթ) ստանալու հնարավորությունը կամ աշխատանքի այլընտրանք է
  4. տպավորություն ստեղծել, թե եկամուտ (շահույթ) ստանալը երաշխավորված է
  5. ներշնչել, որ խաղի միջոցով հնարավոր է հասնել հասարակական, մասնագիտական, սպորտային կամ անձնական հաջողության
  6. քննադատել վիճակախաղին կամ ինտերնետ շահումով խաղին չմասնակցելը
  • Վիճակախաղի և ինտերնետ շահումով խաղի գովազդը պետք է պարունակի ոչ սթափ կամ հոգեճնշող վիճակում խաղալու անթույլատրելիության վերաբերյալ նախազգուշացնող տեղեկատվություն։
loading