Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դատարանն` ընդդեմ Գլխավոր դատախազության և ՀՔԾ-ի (տեսանյութ)

Քաղաքականություն
ara-gharagyozyan

Մարտի 18-ին  Հաց բերողի՝ Արթուր Սարգսյանի հիշատակին կազմակերպված   բողոքի ակցիայի ժամանակ ուսը կոտրած Լաուրա Զաքարյանի բողոքով  պետք է քրեական գործ հարուցվի։   Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Գլխավոր դատախազության եւ ՀՔԾ-ի դեմ որոշում է կայացրել՝  գործ չհարուցելու համար։ «Գտել է, որ ինչպես ՀՔԾ-ն,  այնպես էլ Գլխավոր դատախազությունն անգործություն են դրսեւորել: Բազմակողմանի, լրիվ օբյեկտիվ քննություն չի իրականացրել, չեն պարզել՝ արդյո՞ք հանցագործություն տեղի է ունեցել, թե՞ ոչ, միայն տուժողից բացատրություն  վերցնելով՝ գտել են, որ  խոշտանգում տեղի չի ունեցել»,- «Ա1+»-ին ասաց փաստաբան Արա Ղարագյոզյանը: Լաուրա Զաքարյանից ցուցմունքներ են վերցրել այն ժամանակ, երբ եղել է ցավերի մեջ կամ դեղի ազդեցության տակ։ Ըստ պաշտպանի՝ դա եւս խոշտանգման դրսեւորում է. «Այնտեղ կային բազմաթիվ վկաներ, որ տեսել էին, թե ոստիկանները ոնց էին հարվածում եւ հատակին ընկած կնոջը հարվածներ են հասցնում: Այդ վկաներին եւ ծառայություն իրականացնող ոստիկաններին չէին հարցաքննել»: Անկախ զարգացվումներից՝   Արա Ղարագյոզյանը չի կարծում, որ գործ հարուցվելուց հետո էլ իրական մեղավորները պատասխանատվության են ենթարկվելու. «Բողոքի բավարարումը իմ կարծիքով կապված է Եվրոպական դատարանի հետ: Դատավորը շատ լավ հասկանում է, որ արդյունավետ քննություն արդեն իսկ չի իրականացվել: Եվրոպական դատարանն ասում է,  որ խոշտանգման վերաբերյալ բողոքը պետք է արագ քննվի»։   «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ փաստաբանը   չի բացառում նաեւ այսպիսի  սցենար, երբ  ՀՔԾ-ն եւ Գլխավոր դատախազությունը  վերաքննիչ բողոք ներկայացնեն եւ բողոքարկեն  առաջին ատյանի որոշումը, ու գործ այդպես էլ չհարուցվի։