Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը հյուսիսից շրջափակելու փորձ է արվում. հայտարարություն

Քաղաքականություն
erkir-tsirani

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը Հայաստանը հյուսիսից շրջափակման փորձի դատապարտման վերաբերյալ 2017 թվականի նոյեմբերի 12-ին «Երկիր Ծիրանի» կուսակցության անդամներն աշխատանքային այցի շրջանակներում՝ Ախալքալաքի տոնի առիթով, եղել են Ջավախքում: Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում պատարագի արարողության և քաղաքի օրվան նվիրված տոնի ոգեշնչող և դրական լիցքեր հաղորդող միջոցառման հետ մեկտեղ, ականատեսն ենք եղել Ջավախքի թուրքական էքսպանսիայի գործնական քայլերին:

  • Բաքու-Ախալքալաք-Կարս երկաթգծի շինարարության ավարտ և շահագործման սկիզբ:
  • Ախալքալաքում խաղատների ու հասարակաց տների ցայտուն առկայություն, որոնք հիմնականում սպասարկում են Թուրքիայի քաղաքացիներին:
  • Բաքու-Ախալքալաք-Կարս երկաթգիծը շահագործելու համար շուրջ 6  հազար Թուրքիայի քաղաքացիներ հանդիսացող ադրբեջանցիների ընտանիքների  համար  ավանների կառուցում:  
Բաքու-Ախալքալաք-Կարս երկաթգծի շինարարության ծրագիրն ունի արդեն 10 տարուց ավելի վաղեմություն, սակայն այն թույլ չտալու  ուղղությամբ մեր ազգային պետականությունը որևէ քայլ չի ձեռնարկել` ուղղակի այն մատնել է հանցավոր լռության: Թուրքական այս ծրագիրը շրջանցեց Ռուսաստանը և կրկին փորձում է շրջափակել Հայաստանը: Այս դեպքում Հայ-Ռուսական դաշնակցային հարաբերությունները, եթե նրանք իրականում գործադրվեին, ապա ազգային շահի հետապնդման տեսանկյունից լուրջ գործոն կարող էին դառնալ: Այս երկաթուղու կառուցման ծախսերը կատարել են միայն Ադրբեջանն ու Թուրքիան: Ոչ արևմտյան ներդրումային բանկերը, ինչպիսիք են Համաշխարհային բանկը, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը, ոչ էլ Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ), կամ Չինաստանի որևէ արևելյան ներդրումային կազմակերպություն, ինչպիսին օրինակ Ասիական ենթակառուցվածքների ներդրումային բանկն է  (AIIB), մասնակցություն չեն ունեցել այս ծրագրում: Արևմտյան ներդրումային բանկերը փաստարկել են, որ ավելի լավ տարբերակ կլինի` «վերակառուցել հին երթուղին Հայաստանի միջոցով»: Բաքու-Ախալքալաք-Կարս երկաթգիծն առաջին հերթին քաղաքական ծրագիր է, որը տնտեսական բաղադրիչի քողարկման ներքո ենթադրում է Ջավախքի հայաթափում, ինչպես դա տեղի ունեցավ  Նախիջևանում: Բաքու-Ախալքալաք-Կարս երկաթգիծը կարճաժամկետ եկամուտների տեսանկյունից  դրական ազդեցություն ունի Վրաստանի համար, սակայն երկարաժամկետ տեսանկյունից այն կարող է դառնալ լուրջ սպառնալիք բազմազգ Վրաստանի համար: Ջավախքը տվյալ ծրագրերի իրականացման միջոցով վերածվելու է Ադրբեջանի և Թուրքիայի համար ռազմավարական նշանակություն ունեցող հենակետի։ Այսօր արդեն ակնհայտ է թուրքերի ֆիզիկական  ներկայությունը Ջավախքում և հայերի դուրս մղումը տնտեսական գործընթացներից, որը հետագայում կարող է հանգեցնել  նաև Ջավախքի հայաթափմանը: Այս ծրագիրը ոչ թե տարածաշրջանի տնտեսական ինտեգրմանը   միտված ծրագիր է, այլ ընդհակառակը, նպաստելու է  տարածաշրջանի մեկուսացման և անվտանգության երաշխիքների թուլացմանը: Շատ կարևոր է, որ Վրաստանը և հայկական պետականությունը ջանքեր գործադրեն, որպեսզի թուրք-ադրբեջանական աշխատուժը չմտնի Ջավախք: Թուրք-Ադրբեջանական էքսպանսիան նորություն չէ ոչ մի հայի համար, սակայն ցավալի է, որ հայկական պետականության դիվանագիտական լծակների հանցավոր անգործության հետևանքով այն դարձրել են և շարունակում են դարձնել մատչելի և իրագործելի թուրք-ադրբեջանական ծրագրերի համար: «Երկիր Ծիրանի» կուսակցությունը դատապարտում է հայկական պետականության լռությունը ջավախահայության իրավունքների ոտնահարման վերաբերյալ և կոչ է անում դիվանագիտական լծակների գործադրմամբ վերականգնել ջավախահայության իրավուքները: Հարգանոք՝ «Երկիր Ծիրանի»  կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյան