Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վանեցի հովիվը խնդրում է հայերեն գրել Նարեկ բառը (տեսանյութ)

Քաղաքականություն
2-2

Թուրքիայի Վանի Նահանգի Եմիշլիք գյուղի քուրդ բնակիչները գիտեն, որ իրենց գյուղում ապրել է Գրիգոր Նարեկացին։ Տեղացի հովիվը Նարեկ անունով հայ հյուրից միայն մի բան է խնդրում՝ հայերեն գրել Նարեկ բառը։ Գյուղի միակ եկեղեցու տեղում կանգնած է գյուղի միակ մզկիթը: Իսկ ամենամոտ անասնաֆերմայում տեղացիները ցույց են տալիս Նարեկացուց հետո պահպանված միակ խաչը։ Արեւելյան Անատոլիայում պահպանված եկեղեցիներ շատ կան, որոնցից գրեթե ոչ մեկը խաչ չունի: Վիլյամ Սարոյանի պապական Բիթլիս քաղաքում ոչ ոք պատմությանը չի դիպել: Սակայն ավելացրել է իրենը: Մզկիթները մեծամասնություն են ամենուր: Բիթլիսի միջով հոսող գետը իր ջրառատության համար պարտական է քաղաքի կոյուղուն։ Քիչ հեռու այս քաղաքի սպանդանոցն է: Բիթլիսում տարածության ամեն մետրը օգտագործված է ինչ-որ շինության համար: Տպավորություն գործելու վրա ոչ ոք չի ջանացել: Էրզրում քաղաքն այդ իմաստով ավելի ժամանակակից է եւ նման է մայրաքաղաքի: Այստեղ անհնար է շրջանցել ժամանակակից Թուրքիայի հիմնադիր Քեմալ Աթաթուրքի տուն-թանգարանը։ Ուսուցչուհին իր աշակերտներին տեղեկացնում է, որ թանգարանում հայեր կան: Երեխաները հաճույքով են լուսանկարվում նրանց հետո: Աթաթուրքն այս տանը երկար չի մնացել, սակայն այստեղ ամեն ինչ պահպանվում է առաջին օրվա թարմությամբ: Այս անկողնու վրա նա քնել է: Այստեղ ընդունել է հյուրերին: Էրզրումը Աթաթուրքին դեպի իշխանություն տանող ամենաճակատագրական քաղաքն է: Այստեղի հայկական Սանասարյան վարժարանում է է նա հրավիրել Օսմանյան կայսրության վեց վիլայեթների համագումարը, որից հետո մտել է Անկարա որպես պետության գլուխ: Որոշ տեղեկություններով վարժարանի ուսուցիչների մեծ մասը զոհվել է եղեռնի ժամանակ: Էրզրումը Թուրքիայի արագ զարգացող քաղաքներից է։ Այստեղ աննշան հնություններն անգամ համարակալվում են, որպեսզի տեղափոխվեն անվտանգ: Պետությունը մերժում է վանդալիզմը: Թուրքիան, ի դեպ, խնամքով է վերաբերվում նաեւ իր բնաշխարհին: Այստեղ մարդիկ կզարմանային, եթե լսեին, որ ջրվեժի վրա կարելի է հիդրոէլեկտրակայան կառուցել: Նրանք գիտեն, որ տուրիզմը նույնքան կարող է նպաստել պետության հեղինակությանը, որքան ժողովրդավարությունը կամ արվեստը: