Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արցախում չեն զարմանում, որ Իլհամ Ալիեւը նստում է Սերժ Սարգսյանի դիմաց, նայում նրա աչքերին» (տեսանյութ)

Քաղաքականություն
AJ-Arcax

Ադրբեջանը շարունակում է խախտել ընդունված բոլոր որոշումները՝ չի գնում քաղաքական լուծումների, չի առաջարկում խաղաղ ճանապարհով լուծումներ: Նշում է Արցախի խորհրդարանի «Հայրենիք» խմբակցության պատգամավոր Արզիկ Մխիթարյանը, որը մասնակցում էր ՀՀ եւ Արցախի ԱԺ միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 12-րդ նիստին: Ըստ նրա՝ դրա վկայությունն է այն, որ Ժնեւյան հանդիպումից հետո սահմանին ունեցանք զոհեր: «Նորից Ադրբեջանը խախտեց պայմանավորվածությունը, եւ դա արցախցիների համար նորություն չէ, քանի որ 25 տարի շարունակ մենք վկա ենք այս իրողությանը: Ադրբեջանը չունի քաղաքական այն կամքը՝ եթե նստել են բանակցային սեղանի շուրջ եւ երկու նախագահներով որոշումներ են կայացրել, պահպանել այդ որոշումը: Դա անընդունելի քաղաքական դիրքորոշում է, եւ մենք դատապարտում ենք դա»,- Արցախի խորհրդարանի «Հայրենիք» խմբակցության պատգամավոր Արզիկ Մխիթարյանը:    Ըստ նրա՝ արցախցիների համար կարեւոր հիմնախնդիրներից է՝ հակամարտության լուծման ձեւաչափում վերականգնվի Արցախի իրավունքները. «Մենք եւս մասնակից լինենք մեր ճակատագրի լուծմանը: Մենք չենք կասկածում, որ հայկական պատվիրակությունները խորհրդարանական դիվանագիտության մակարդակում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հիմնահարցը կբարձրացնեն, սակայն լուծել մի խնդիր, որտեղ ժողովուրդը մասնակից չէ, սա նորմալ երեւույթ չէ»:  Նա ցավով է նշում, որ Արցախի խորհրդարանն այսօր չունի համապատասխան գործիքներ, որպեսզի կարողանա իր  իրավունքները պաշտպանել միջազգային հարթակներում: Այդ հարցում միակ խողովակը ՀՀ ԱԺ պատվիրակություններն են.  «Արցախում չեն զարմանում, որ Իլհամ Ալիեւը նստում է Սերժ Սարգսյանի դիմաց, նայում է նրա աչքերին, պայմանավորվածություններ են ձեռք բերում, որ պետք է շարունակեն խաղաղ փոխհարաբերությունները եւ չանցած մի քանի օր՝ սահմանին նույն բանը կրկնվում է»:               Իշխանությունները եւս մեկ անգամ ընդգծում են՝ արցախյան հակամարտությունը եղել եւ մնում է ՀՀ քաղաքական օրակարգի թիվ մեկ հարցը: «Իհարկե, Արցախի ճանաչման հարցը մեր ամենագլխավոր նպատակն է: Ինչպե՞ս հասնել դրան. ամենալավ տարբերակը կլիներ այն, որ բոլոր պետությունները ճանաչեին այն, սակայն ստեղծված բանակցային ձեւաչափը դեռ այդ գործընթացը չի հասունացրել: Ի՞նչ անել այս պահին. շատ կարեւոր մի բան՝ միջազգայնացնել Արցախը՝ ըստ ճյուղերի, ոլորտների, ինստիտուտների», նշեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը: «Մենք պետք է կարողաննք շատ հստակ մեսիջ հղել մեր բոլոր գործընկերներին՝ առանց որեւէ երկմտանքի՝ Արցախի խնդիրը որեւէ առնչություն չունի ոչ կատալոնական խնդրի, ոչ Ղրիմի, ոչ Օսեթիայի, ոչ Աբխազիայի խնդրի. սա լրիվ այլ խնդիր է: Այսօր մենք ունենք նաեւ նախկին Խորհրդային միության 3 հանրապետություն, որոնք ԵՄ անդամ են՝ Էստոնիա, Լատվիա, Լիտվա, մենք պետք է կարողանանք եվրոպական բոլոր հարթակներում ասենք մեր գործընկերներին, որ Արցախի հանրապետությունն անջատվել է ԽՍՀՄ-ից նույն այն օրենսդրական նորմերով, ինչ միութենական 15 հանրապետությունները»,- հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:   ԱԺ փոխխոսնակը նաեւ ավելացրեց, որ արցախյան հակամարտությունն այն հարցն է, որ ՀՀ ԱԺ-ում բոլորը մեկ բռունցք են դառնում՝ հաշվի չառնելով կուսակցական որեւէ պատկանելություն: