Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՐՄԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ՊԱՅՔԱՐՈՒՄ Է ՕՏԱՐԱՄՈՒՏ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ

Մշակույթ

Հայաստանում օտարամուտ երաժշտության սիրահարների թիվը կավելանա, եթե անհապաղ չկառուցվի մի օջախ, օբյեկտ, կամ սրճարան, որտեղ օր ու գիշեր կհնչի ազգային երաժշտություն: Մեսրոպ Մաշտոցի անվան խոսքի մշակույթի կենտրոնի հոգաբարձուները ավելի քան համոզված են, որ այդ քայլը օրվա հրամայականն է:

Նշենք, որ կենտրոնի հոգաբարձուների խորհուրդը 15 անդամ ունի, որոնք առավելապես հայ հայտնի արվեստագետներ են, օրինակ Սիլվա Կապուտիկյան, Ռազմիկ Դավոյան, Սոս Սարգսյան.եւ այլոք: Հոգաբարձուների խորհրդում են նաեւ ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանը եւ գիտակրթական ոլորտի մասնագետներ:

Այսօր կենտրոնի հոգաբարձուների եւ երիտասարդական խորհրդի հերթական նիստն էր: Այն սկսվեց կենտրոնի բանաստեղծության թատրոնի սաների ողջույնի խոսքով:Կենտրոնի նախագահ Նադեժդա Անտոնյանը հպարտությամբ նշեց, որ կազմակերպությունը 3 տարիների գործունեության ընթացքում ունեցել է որոշակի առաջընթաց: Սկսելով 6-ից 7 աշակերտով, այսօր կենտրոնն ընդգրկում է Երեւանի բուհերից եւ դպրոցներից գենոֆոնդային արժեք ներկայացնող շուրջ 100 սաներ:

Կենտրոնում գործում է բանաստեղծության թատրոն, որը բեմականացումներով քարոզում է հայ եւ համաշխարհային գրականության, մշակույթն՝ ընդդեմ օտարամուտ մշակույթի, ցածրաճաշակ ազդեցության:

Կենտրոնն իր առջեւ խնդիր է դրել պահպանել մայրենի լեզուն, աճող սերնդի քաղաքացիական դաստիարակություն, արեւելահայերենի եւ աարեւմտահայերենի մերձեցման գործընթացին նպաստում եւ այլն: Կենտրոնն ունի ֆինանսական խնդիրներ, փնտրում է կառավարության, կամ անհատների հովանավորություն: