Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստան – Բելառուս՝ 4:1. Հաղթանակ, որ մտահոգության տեղիք տվեց

Սպորտ
23380222_1632916566769040_1640270476918845841_n

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը 2018թ աշխարհի առաջնության ընտրական փուլից հետո այսօր անցկացրած առաջին ընկերական խաղում 4:1 խոշոր հաշվով սեփական դաշտում հաղթեց Բելառուսի ազգային թիմին: Փաստը, ինքնին, ուրախացնող է, քանի որ ընտրական վերջին երկու տնային խաղերում մեր ֆուտբոլիստները ջախջախիչ պարտություններ էին կրել Դանիայի եւ Լեհաստանի հավաքակններից: Սակայն այս խաղը նաեւ մտահոգվելու տեղիք տվեց: Այսօր «Հանրապետական» մարզադաշտը պարզապես դատարկ էր: Երկրպագուները փոքր խմբերով տեղ էին զբաղեցրել դարպասների ետեւում, մի քանի տասնյակը՝ Արեւելյան տրիբունայում: Միայն Արեւմտյանն էր քիչ թե շատ լցված ֆուտբոլասերներով, բայց նրանք էլ հազիվ 500-700 հոգի լինեին: Երկրպագուների նման անտարբերությունը, ինքնին, հասկանալի է: Նախ՝ հանդիպումը ընկերական էր, երկրորդ՝ մրցակիցը բարձրակարգ չէր, երրորդ՝ երկրպագուների հիասթափությունը մեր հավաքականի թույլ ելույթներից: Իսկ մտահոգիչն այն է, որ եկող տարի Հայաստանի հավաքականը հանդես է գալու նորաստեղծ մրցաշարում՝ Եվրոպայի Ազգերի լիգայում, որտեղ մեր ընտրանու մրցակիցները լինելու են կամ Բելառուսի, կամ էլ ավելի ցածր մակարդակի թիմեր: Դա նշանակում է, որ այդ հանդիպումներին լուրջ խնդիր է լինելու երկրպագուներին մարզադաշտ բերելու հարցը: Միակ խթանիչը մեր թիմի հաղթանակներն են: Եթե դրանք չլինեն Ազգերի լիգայում, ապա «Հանրապետականի» տրիբունաները այդպես էլ կմնան դատարկ: Նշենք, որ նոյեմբերի 13-ին Հայաստանի հավաքականը սեփական դաշտում ընկերական հանդիպում կանցկացնի Կիպրոսի ընտրանու հետ: