Վրացական ընկերությունները լիարժեք աջակցություն կստանան. հուշագիր

Տնտեսական մրցակցության ոլորտում երկկողմանիորեն հավասար և փոխշահավետ համագործակցություն ստեղծելու նպատակով, ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը և Վրաստանի մրցակցային գործակալությունը այսօր ստորագրեցին Փոխըմբռնման հուշագիր:

Հուշագիրը ստորագրել են ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը և Վրաստանի մրցակցային գործակալության նախագահ Նոդար Խադուրին:

Երկու երկրների մրցակցային մարմինների ղեկավարները կարևորել են մրցակցային բարենպաստ միջավայրի որոշիչ դերը՝   տնտեսության զարգացման գործում: Նրանք  նախանշել են այն հիմնական ուղղությունները, որոնք առաջիկա տարիներին  նոր համագործակցության հիմք են հանդիսանալու:

Իր խոսքում ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը նշել է, որ  հայ-վրացական առևտրատնտեսական հարաբերությունները մշտապես զարգացել են ակտիվ և դինամիկ.  «Այսօր մեր երկրում գործում են վրացական կապիտալի մասնակցությամբ ավելի քան 300 ընկերություններ: Ի ուրախություն մեզ, բավականին մեծ է նաև հայկական ընկերությունների ներկայացվածությունը Վրաստանում, իսկ հատկապես վերջին տարիներին նոր  ընկերությունների մուտքը առանձնակի ավելացել է:  Այդ իսկ պատճառով այսօր մենք առանձնակի  կարևորում ենք բարենպաստ տնտեսական միջավայրի զարգացումը՝ փոխադարձ մրցակցային հավասար և բարեխիղճ պայմանների առկայությամբ»:

Ա. Շաբոյանն իր խոսքում նշել է նաև, որ այն հանգամանքը, որ երկու երկրները գտնվում են միևնույն տարածաշրջանում և ունեն խորը տնտեսական կապեր, հնարավորություն կտա այս կամ այն ապրանքային շուկայում իրականացնել ուսումնասիրություններ, դիտանցումներ, անհրաժեշտության դեպքում նաև վարույթներ, իսկ մրցակցային մարմինների միջև անհրաժեշտ տեղեկատվության փոխանակումը կլինի ավելի օպերատիվ և արդյունավետ. «Քանի որ Հայաստան ներմուծվող ապրանքների զգալի մասը ներկրվում է հենց Վրաստանի տարածքով, ապա մեզ համար շատ կարևոր է սոցիալական նշանակության մի շարք շուկաներում գնագոյացման վերաբերյալ օպերատիվ տեղեկատվության ստացումը՝ գերիշխող ապրանքային շուկաներում ուսումնասիրություններ իրականացնելու նպատակով»:    

ՏՄՊՊՀ նախագահը կարևորեց նաև այն հանգամանքը, որ երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալները տարեցտարի ավելանում են, ներկրվում է հիմնականում գյուղմթերք, հանքային ջուր, քիմիական արտադրանք, դեղամիջոցներ, ավտոմեքենաներ և այլն, իսկ մեր երկրից արտահանվում են գյուղատնտեսական տարբեր մթերքներ, պահածոներ, դեղորայք, ծխախոտ,  պարենային և ոչ պարենային տարատեսակ արտադրանքներ և այլն, ինչը նշանակում է, որ բարենպաստ մրցակցային դաշտի առկայությունը էական նշանակություն ունի երկու երկրների ներդրումային քաղաքականության և տնտեսության զարգացման գործում:  

Արտակ Շաբոյանը ընդգծեց, որ վրացական բոլոր այն ներդրումային ընկերությունները, որոնք մեր երկրի տարածքում կհանդիպեն մուտքի խոչընդոտների կամ մրցակցային այլ խնդիրների, լիարժեք աջակցություն կստանան ՀՀ Մրցակցային մարմնի կողմից՝ հասնելով հարցի արագ և արդյունավետ լուծման. «Եւ, բնականաբար, հակառակը, բավականին մեծ թվով ընկերություններ ունենք, որոնք ներկայացված են Վրաստանում, նրանց շահերը ևս կպաշտպանվի արդյունավետ կերպով»:

Վրաստանի մրցակցային գործակալության նախագահ Նոդար Խադուրին իր խոսքում նշեց, որ այսօր ստորագրված հուշագիրը էլ ավելի կխորացնի և ամուր հիմքերի կդնի արդեն իսկ ձևավորված ամուր համագործակցությունը. «Այսօր մենք այստեղ ենք՝ հայ գործընկերներից համապատասխան փորձառնություն ստանալու և մրցակցության բնագավառում եղած փորձին ծանոթանալու նպատակով: Մենք վստահ ենք, որ մեր երկրների միջև արդեն իսկ ձևավորված հարաբերությունները, ինչպես նաև այսօր ստորագրված հուշագիրը կնպաստեն տնտեսական մրցակցության բնագավառում համագործակցության էլ ավելի խորացմանը՝ համատեղ գործառույթների իրականացման, տեղեկատվության փոխանակման և շատ այլ առումներով»: