Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարչապետի հետ հանդիպումից ուսանողները բավարարված չեն, դասադուլը կշարունակվի (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
tarketum1-1

17.35 Վարչապետի հետ ուսանողների հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳ և Պաշտպանության նախարարները։ Հանդիպման արդյունքում դասադուլի նախաձեռնողները՝ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնող խումբը, չի հրաժարվում ակցիայի այս ձևից, իրենց պնդմամբ՝ հարցը չի լուծվել։ Վաղը ուսանողները նորից փողոց դուրս կգան։ Հանդիպման տեսագրությունը՝ առանձին հրապարակմամբ։ 15.05 Ըստ լրացուցիչ պաշտոնական պարզաբանման՝ եթե հանդիպումը տևի կես ժամ, մեկ ժամից կտրամադրվի տեսանյութը, եթե տևի 1 ժամ՝ 2 ժամից։ Ուսանողները որոշեցին 5 հոգով հանդիպել վարչապետի հետ։ 14. 55 «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնող խումբը փորձում է ԶԿՄ-ների ներկայությունը ապահովել։ Կառավարությունը մտադրություն չունի ձևաչափը փոխելու, պատրաստ է տրամադրել հանդիպման տեսագրությունը՝ նկարված կառավարության տեսախցիկով։ Ուսանողները երաշխիքներ են ուզում, որ տեսագրությունը չի մոնտաժվի։ tarketum1 14. 30 Վարչապետի խորհրդական Արամ Վարդևանյանը փոխանցեց վարչապետի առաջարկը՝ հանդիպել 5 ուսանողի հետ աշխատանքային քննարկման այնպիսի ձևաչափում, որտեղ լրատվամիջոցները չեն կարող ներկա լինել։ Խոսքը մտահոգությունների ներկայացման մասին է, ինչի մասին տեղեկատվություն հետո կտրամադրվի՝ վստահեցրեց խորհրդականը։ 15 րոպեից ակցիայի նախաձեռնող խումբը որոշում կկայացնի։ 14.15 Վարչապետի խորհրդական Արամ Վարդևանյանը կառավարության շենքի մոտ խոսեց ուսանողների հետ ու փորձեց հասկանալ նրանց պահանջը։ Իսկ պահանջը հետևյալն է՝ վարչապետին որևէ արձագանք, կարծիք հարցի վերաբերյալ, եթե հնարավոր է՝ հանդիպում։ Արամ Վարդևանյանը հեռացավ՝ ճշտումներ անելու։ 13.45 Մի քանի հարյուր ուսանող այս պահին երթով շարժվում է դեպի կառավարության շենք։ Նրանք ուզում են հանդիպել վարչապետի հետ։ 11.00 «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնող խումբը որոշեց մտնել ԵՊՀ մասնաշենքեր՝ ստուգելու՝ արդյո՞ք դաս անցկացվում է։ Պարզվեց՝ լսարանները դատարկ էին։ Ըստ դասախոսների՝ տարբեր ֆակուլտետներում տարբեր թվով ուսանողներ են ներկայացել, բայց չեն հերքում, որ լիարժեք դասապրոցես չկա։ Արդեն 3-րդ օրն է՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նոր նախագծի դեմ ուսանողների բողոքի ակցիաները շարունակվում են։ Ուսանողները պայքարում են՝ ընդդեմ տարկետման իրավունքի սահմանափակման, ինչը նախատեսված է նոր օրենքի նախագծով։ Այսինքն, ըստ այս օրինագծի, ուսման համար տարկետում կտրվի միայն այն դեպքում, եթե քաղաքացին պայմանագիր կնքի Պաշտպանության նախարարության հետ, ընդ որում, այդ դեպքում արդեն ուսումնառությունից հետո քաղաքացին պարտավորվում է բանակում ծառայել ոչ թե 2, այլ արդեն 3 տարի: Երեկ ուսանողները հանդիպել են ԿԳ նախարարի հետ, քննարկել մտահոգող հարցերը, իսկ մեկ օր առաջ հրաժարվել են մասնակցել Պաշտպանության նախարարի հետ հանդիպմանը, քանի որ ԶԼՄ-ների ներկայությունը չի ապահովվել։