Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ընտրում են ոչ թե քաղաքական ուժերի, այլ խոշոր եւ մանր եղջերավոր անասունների միջեւ» (տեսանյութ)

Քաղաքականություն
aj1

ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց եւս մի քանի փաստ, երբ ընտրություններին իշխանության ներկայացուցիչները հատկապես գյուղական համայնքներում, օգտագործելով մարդկանց սոցիալական ծանր վիճակը, փորձում են ի շահ իրենց ծառայեցնել. «Վերջին թարմ օրինակը, երբ սոցիալական ծառայության համապատասխան աշխատողը կարող է նկատել մարդու գոմում խոշոր եղջերավոր կենդանու առկայությունը եւ կարող է չնկատել: Եւ այդ ամենը ընտրություն է ընտրությունից առաջ: Այսինքն, եթե դու ուզում ես, որ քո կովին նկատեն, դու քվեարկում ես ընդդիմության օգտին, իսկ եթե ուզում ես, որ քո կովին չնկատեն, քվեարկում ես համապատասխանաբար իշխանության օգտին: Հետեւաբար, շատ դեպքերում, ընտրողներն ընտրում են ոչ թե քաղաքական ուժերի, այլ խոշոր եւ մանր եղջերավոր անասունների միջեւ»: ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանին էլ մտահոգում են սոցիալական ծառայության համակարգում առկա թերությունները. «Վերջերս մի տեղ մի առիթով տեսա սոցիալական ծառայությունների ղեկավարների, որոնց  մի մասի հետ ես չէի աշխատել ժամանակին. մի տեսակ վախեցա, սարսափեցի՝ երեւում է, որ մի 20 տարի այդ մարդիկ այդտեղ նստած են, ծանրացել են, նրանց մեջ բան չի փոխվելու: Եթե կառավարությունն ուզում է մի բան փոփոխել, ապա պետք է գնա փոփոխությունների նաեւ այս ոլորտում»: Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաեւ աշխատանքի տեղավորման զբաղվածության խնդիրներին.  «Աշխատանքի են հրավիրում, օրինակ, մինչեւ 35 տարեկան բարետես արտաքինով, որպես մատուցող աշխատելու սարի ծերին գտնվող մի սրճարանում, աշխատանքը՝ առավոտ 8-ից մինչեւ երեկոյան 10-ը, աշխատավարձը՝ 60 հազար դրամ: Մարդը ինչո՞ւ պիտի շահագրգռված լինի այդ աշխատանքը կատարի եւ զրկվի 30 հազար նպաստից, երբ մենակ աշխատանքի գնալիս ավելի շատ է ծախսելու, քան ընտանեկան նպաստն է»:   Ի պատասխան Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ասաց. «Երիտասարդների մոտ գործազրկությունը հենց դրանով է պայմանավորված, որ գործատուն պատրաստ չէ անգամ նվազագույն աշխատավարձը վճարել՝ հաշվի առնելով, որ երիտասարդը փորձ չունի, եւ գալու է  առնվազն մի քանի ամիս սովորել աշխատելը. զուտ դիպլոմ, մասնագիտություն ունենալը դեռ չի նշանակում, որ երիտասարդը մասնագետ է, եւ այդ առումով երիտասարդների համար խոչընդոտ է ստեղծում դեպի աշխատաշուկա»: Նախագծի քվեարկությունից առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ անվստահություն է հայտնում սոցիալական գործող համակարգին եւ ձեռնպահ քվեարկեց Սոցիալական աջակցության մասին» օրենքի փոփոխությունների նախագիծը ԱԺ քառօրյա նիստերի օրակարգ ներառելուն: