Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

40 վկաներն էլ սուտ ցուցմունք են տվել իմ դեմ. Անդրիաս Ղուկասյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
andrias

«Ոտքի Հայաստան» նախաձեռնության անդամ Անդրիաս Ղուկասյանի գործով առանցքային վկա Գեղամ Սահակյանի նախաքննական ցուցմունքի հրապարակման արգելքը  հիմք դարձավ, որ պաշտպանը  ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնի դատավոր Վարդան Գրիգորյանին: «Ակնհայտ է, որ Գեղամ Սահակյանը կեղծ ցուցմունք է տվել: Պարզ է, որ սուտ ցուցմունք է տվել կամ իր հիվանդության հետ կապված, կամ էլ ուղղորդված, որ Անդրիասն է նախաձեռնել հանդիպումը»,- ասաց պաշտպան Կարեն Մեժլումյանը:  Թեեւ պաշտպանն էր խոսում, դատավորը թույլ չտվեց տեսանկարահանում իրականացնել՝ պատճառաբանելով, որ վկաների հարցաքննության փուլը շարունակվում է եւ տեսանկարահանելն ինքն արգելել է։  Իսկ   գործի նյութերում առկա ձայնագրությունների  համաձայն՝ Գեղամ Սահակյանն ինքն է զանգել Անդրիաս Ղուկասյանին եւ հանդիպում խնդրել, մինչդեռ դատարանում տված ցուցմունքում  նա  հակառակն է  պնդել: Կարեն Մեժլումյանը հիշեցրեց՝ վկան ունի  «պարանոիկ խանգարում»՝ «շիզոֆրենիա», սակայն նշյալ փաստերը եւս թաքցվել են:  «Ակնհայտ է, որ նախագահող դատավոր Վարդան Գրիգորյանը էական հակասությունների պայմաններում էական հակասություններ չտեսնելով եւ նախաքննական ցուցմունքները  հրապարակելն արգելելով չի իրականացնում տեսանելի եւ համոզիչ արդարադատություն»,- ասաց Կարեն Մեժլումյանը:  «Ոտքի Հայաստան» նախաձեռնության անդամ Անդրիաս Ղուկասյանը  եւս  հայտարարեց՝  վկայի տված ցուցմունքը էականորեն տարբերվում է նրա նախաքննական ցուցմունքից: «Իշխանությունները պետք է գնան եւ միջազգային հանրությանը բացատրեն՝ ո՞նց եղավ, որ Գեղամ Սահակյանի ցուցմունքը էապես փոփոխվեց:  Իսկ դատարանի որոշումը՝ թույլ չտալ էական հակասությունները բացահայտել դատարանում, ըստ էության սպասարկում է իշխանության շահը՝ կոծկել այն փաստը, որ ի սկզբանե Գեղամ Սահակյանի տված ցուցմունքը հակասել է օբյեկտիվ փաստերին»,- ասաց Անդրիաս Ղուկասյանը: Հենց նրա ցուցմունքն է, ըստ Անդրաս Ղուկասյանի, հիմք հանդիսացել, որ իրեն պահեն կալանքի տակ:  Նա նաեւ պնդում է, որ   նախաքննության ընթացքում  40 վկաներն էլ սուտ ցուցմունք են տվել. «Որոնցից 33-ը ոստիկաններ են, 7-ը  ոստիկանության հետ ուղղակի կամ առերևույթ կապ ունեցող անձ:  Գեղամ Սահակյանի գործակալ լինելու հանգամանքը նույնպես կարեւոր է, որովհետեւ երեւում է, որ կապ ունի ոստիկանության հետ»: Անդրիաս Ղուկասյանը միացավ դատավորի ինքնաբացարկի միջնորդությանը։  Մի քանի ժամ խորհրդակցական սենյակում մնալուց հետո դատավոր Վարդան Գրիգորյանը  մերժեց միջնորդությունը: