Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ֆրանսիան հանձնառու է ԼՂ հարցին բանակցությունների ճանապարհով մնայուն լուծում գտնելուն. Է. Մակրոն

Քաղաքականություն
arm150996794234

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի մամլո դիվանից հայտնում են, որ  Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նամակ է հղել  Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսին։ Անդրադառնալով Հայոց ցեղասպանության հարցին՝ Ֆրանսիայի նախագահը նամակում  նշել է. «Հայոց ցեղասպանությունից հարյուր տարի անց Մերձավոր Արևելքն ապրում է բռնության ու բռնակալության մթնոլորտում: Վստահեցնում եմ, որ Ֆրանսիան հավատարիմ  է իր կեցվածքին, շարունակելու է շեշտել ճշմարտության հրամայականը և հավաքական հիշողության պահպանման կարևորությունն աշխարհի բոլոր երկրներում, այդ թվում և Թուրքիայում»: Մակրոնն ընդգծել է, որ Ֆրանսիան Հայաստանի և հայ ժողովրդի անկեղծ բարեկամն է: «Մենք հանձնառու ենք ղարաբաղյան հիմնախնդրին բանակցային ճանապարհով լուծում գտնելուն՝ հօգուտ տարածաշրջանի բոլոր ժողովուրդների»,- ասվում է Ֆրանսիայի նախագահի նամակում: Նա վերահաստատել է Ֆրանսիայի և Լիբանանի միջև գոյություն ունեցող զորեղ բարեկամությունը՝ ընդգծելով, որ Լիբանանը բազմազանության և ժողովրդավարության օրինակ է, որտեղ հայ համայնքն ունի իր կարևոր դերը: Նախագահը վստահեցրել է, որ Ֆրանսիան իր դաշնակիցների հետ շարունակելու է աշխատել Մերձավոր Արևելքի խաղաղության ապահովման համար՝ պահպանելով ցեղային ու կրոնական տարբերություններն ու ինքնությունը, ինչն այդ տարածաշրջանի յուրահատուկ հատկանիշներից է: Մակրոնը պատրաստակամություն է հայտնել պայքարել ծայրահեղականության դեմ՝ պաշտպանելու ցեղային ու կրոնական ծայրահեղություններին ու բռնությանը զոհ դարձած համայնքները: