Տղամարդկանց մրցաշարում Հայաստանի հավաքականը պարտվեց

Հունաստանի Հերսոնիսոս քաղաքում կայացան շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 6-րդ տուրի հանդիպումները:

Տղամարդկանց մրցաշարում Հայաստանի հավաքականը 1,5:2,5 հաշվով պարտվեց Ադրբեջանի ընտրանուն: Մեր թիմի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակներով հաղթեց Շահրիյար Մամեդյարովին, իսկ 3-րդ խաղատախտակի վրա հանդես եկող Գաբրիել Սարգսյանը ոչ-ոքի արեց Արկադի Նայդիշի հետ: Սակայն սեւերով խաղացող Սերգեյ Մովսիսյանն եւ Հրանտ Մելքումյանը պարտվեցին համապատասխանաբար Թեյմուր Ռաջաբովին ու Ռաուֆ Մամեդովին:

Վեց տուրից հետո մրցաշարային աղյուսակը 10-ական միավորով գլխավորում են Խորվաթիայի եւ Ռուսաստանի հավաքականները: Մեր ընտրանին իր վաստակած 8 թիմային միավորով առայժմ զբաղեցնում է 9-րդ տեղը:

a1+chess 2

Կանանց առաջնությունում Հայաստանի ընտրանին ընթացիկ տուրում 3:1 հաշվով վստահ հաղթեց Հունգարիայի հավաքականին: Մեր թիմին մեկական միավոր բերեցին Էլինա Դանիելյանն ու Մարիա Կուրսովան, իսկ Լիլիթ Մկրտչյանն ու Մարիա Գեւորգյանը ոչ-ոքի ավարտեցին իրենց պարտիաները: Այդ հաղթանակից հետո Հայաստանի հավաքականը վաստակեց 8 միավոր եւ բարձրացավ 9-րդ հորիզոնական:

 

Առաջնության հաջորդ՝ 7-րդ տուրի հանդիպումները, տեղի կունենան վաղը, նոյեմբերի 4-ին: