Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ձերբակալվել է «Վանաձոր» ՔԿՀ անվտանգության ապահովման բաժնի պետը

Պաշտոնական
unnamed-62

ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ղեկավարության, ինչպես նաև առանձին պաշտոնատար անձանց կողմից կատարված կոռուպցիոն հանցագործությունների դեպքերի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում բացահայտվել է կաշառք ստանալու և պաշտոնեական դիրքի չարաշահման ևս մեկ դեպք: Մասնավորապես, նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` ՀՀ ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ-ի անվտանգության ապահովման բաժնի պետ Միքայել Ղարաքիշյանը, նույն հիմնարկում պատիժ կրող դատապարտյալ Թամազ Ֆերոյանի և նրա հովանավորության տակ գտնվող մյուս դատապարտյալների օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու համար 2017թ.-ի հունիս-հուլիս ամիսներին Թ. Ֆերոյանից կաշառքի գումարներ է ստացել: Միաժամանակ հիշյալ բաժնի պետը շահադիտական նպատակներով չարաշահել է իր պաշտոնեական դիրքը` օրենքով նախատեսված միջոցներ չի ձեռնարկել կաշառք տված դատապարտյալի և նրա հովանավորյալների խցերի դռները փակելու, ապօրինի պահվող բջջային հեռախոսները վերցնելու և թղթախաղերը կանխելու ուղղությամբ: Ավելին, ՔԿՀ-ի խցերի խուզարկություններն առանձին դեպքերում կրել են ձևական բնույթ, որի հետևանքով դատապարտյալներն անարգել ելումուտ են կատարել տարբեր խցեր, օգտագործել ալկոհոլ և թմրամիջոցներ: Այսպիսով, ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով և 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու` կաշառք ստանալու և պաշտոնեական դիրքը չարաշահելու կասկածանքով ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի որոշմամբ ձերբակալվել է «Վանաձոր» ՔԿՀ-ի անվտանգության ապահովման բաժնի պետ Մ. Ղարաքիշյանը: Նախաքննությունը շարունակվում է:   Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: