Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մահացել է Սևանում խաղաղության կորպուսի կամավորը

Կարևոր լուրեր Հասարակություն
22886200_10155784828832673_3708276589049805476_n

ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը սգում է Խաղաղության կորպուսի կամավոր Հաննա Հանթլիի մահը Մեծ ցավով տեղեկացա Խաղաղության կորպուսի կամավոր Հաննա Հանթլիի մահվան մասին: Նա Հս. Կարոլինայի Քեմփ Լեջերն բնակավայրից էր, և շատ ու շատ կամավորների նման նա ևս եկել էր իր կոչման, իր ներքին մղման հետքերով: Նա եկավ Հայաստան՝ օգնության ձեռք մեկնելու, անձնական կապեր հաստատելու և մեր երկու ժողովուրդների միջև կամուրջներ կառուցելու ցանկությամբ: Նա ծառայում էր Սևանում՝ որպես համայնքի և երիտասարդության զարգացման հարցերով կամավոր, իր համայնքին ապահովելով անհրաժեշտ աջակցություն և աշխատելով երիտասարդների հետ, ովքեր կերտելու են Հայաստանի վաղվա օրը: Հաննան ներկայացնում էր իր ամերիկյան փորձն ու արժեքները իրեն հյուրընկալած ընտանիքում, գործընկերների, ընկերների և համայնքի բնակիչների շրջանում: Եվ որ ոչ պակաս կարևոր է, նա ծանոթանում էր Հայաստանի հետ և իր տպավորություններն ու փորձը ներկայացնում է Նահանգներում գտնվող իր ընկերներին և ընտանիքին: Այս տարի հունիսին, երբ Հաննան համալրեց Խաղաղության կորպուսի կամավորների շարքերը, ես պատիվ ունեցա ընդունել նրա հանդիսավոր երդումը: Նա վեր բարձրացրեց աջ ձեռքը և երդվեց՝ այն նույն երդմամբ, որով իրենց ճանապարհն են մեկնարկում բոլոր հանրային ծառայողները, այն նույն երդմամբ, որով տարիներ առաջ ես եմ սկսել իմ ճանապարհը: Ես պաշտոնապես կրում եմ «դեսպանի» կոչում, սակայն ես Հաննային ևս դեսպան եմ համարում: Հայաստանում շատերի համար Միացյալ Նահանգների հետ առաջին առնչությունը Հաննայի հետ շփումներն էին, լինեին դրանք առօրյա շփումներ Սևանի երիտասարդական ակումբում, որտեղ նա ներգրավված էր որպես կամավոր, կամ «Բոհեմ» սրճարանում, որի բացմանը հարցում նա օգնել էր: Հաննայի մասին դրական հուշերը դեռ երկար վառ կմնան նրա հայաստանյան համայնքում: Խաղաղության կորպուսի կամավոր լինելը դյուրին առաքելություն չէ, ինչպես և շատ այլ առաքելություններ: 1961թ., երբ նախագահ Ջոն Ֆ. Քենեդին ստորագրում էր Խաղաղության կորպուսի հիմնադրման մասին հրամանագիրը, ասաց, - «Կյանքը գուցե հեշտ չլինի, բայց գոհացնող ու հարստացնող փորձառություն կունենաք: Ցանկացած ամերիկացի երիտասարդ, ով անդամագրվում է Խաղաղության կորպուսին, ով աշխատում է օտար ափերում, պետք է գիտակցի, որ ինքը ծառայում է հանուն մի շատ կարևոր ընդհանուր խնդրի, այն է՝ մարդու համար բարեկեցիկ կյանքի ապահովումը, որի վրա է խարսխվում ազատությունը և որը խաղաղության անհրաժեշտ պայման է»: Այս խոսքերը գուցե վերամբարձ են հնչում, սակայն Խաղաղության կորպուսի կամավորները կփաստեն, որ այդ խոսքերը, առավել քան երբևէ, ճշմարիտ են ու արդիական: