Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Եթե չլսես ականջով, թիկունքիդ կխփեն՝ կհասկանաս». Արմեն Պետոյան (տեսանյութ)

Մշակույթ
petoyan

«Հայը այն բացառիկ ազգերից է, որ ունի հզոր սփյուռք ու աշխարհի տարբեր երկրներում ներկայանալի համայնքներ: 223 տարեկան բազմազգ Օդեսան հիմնող ազգերից են նաև հայերը, և այսօր էլ համայնքը իր դերակատարումն ունի այս քաղաքում,-ասում է «Օդեսայի մշակութային ժառանգության հիմնադրամի» հիմնադիր նախագահ, մեր հայրենակից, Ուկրաինայի քաղաքացի Արմեն Պետոյանը: Հիմնադրամի կարևոր ուղղությունը հայագիտությունն է, քանի որ իրավունք չունենք տեր չկանգնելու, չպահպանելու օտար հողում մեզ ժառանգված մեր ազգային մշակութային հարստությունը: «Ինձ կատակով հայկական արծիվ են անվանում՝ հունական և ուկրաինական թևերով,- ասում է նա,- քանի որ իմ օգնականներից մեկը ազգությամբ հույն է, մյուսը՝ ուկրաինացի: Հիմնադրամում աշխատում են հույներ, հրեաներ, բուլղարացիներ և ուկրաինացիներ: Ազգությունը որևէ կապ չունի, կարևորը լավ մասնագետ լինի»: Ուկրաինայում հզոր համայնքներ ենք ունեցել, հայկական հետքն ամենուր է և հիմնադրամի ջանքերով տարածվեց ուկրաինացի ականավոր պատմաբան Յարոսլավ Դաշկևիչի «Հայերը Ուկրաինայում» աշխատությունը: Արմեն Պետոյանի խոսքով` գրքի հեղինակը կես դար է նվիրել այս ուսումնասիրությանը, օգտվել է շուրջ երկու հարյուր սկզբնաղբյուրից, ժողովածուն ներկայացնում է 15-19 դարերի հայկական գաղթօջախի պատմությունը: Նա հիմնել է գիտական դպրոց, որտեղ այսօր էլ զբաղվում են Ուկրաինայում հայերի հազարամյա պատմության ուսումնասիրմամբ: Հիմնադրամի շնորհիվ Օդեսայում, Բունինի 24 հասցեում բացվեց Ավետիք Իսահակյանի հուշատախտակը, ում այստեղ էին աքսորել 1878-ին՝ մեկ տարով, ցարական Ռուսաստանի հնչակյաններին տարբեր ժամկետներով աքսորելու որոշմամբ: Շիրվանզադեին աքսորեցին Օդեսա երկու տարով և նրա հուշատախտակն էլ պետք է այստեղ բացենք՝ ասում է Արմեն Պետոյանը։ Պարզվում է՝  Օդեսայի գործարարները շատ են օգնում ծրագրերի իրականացմանը: Օդեսայի հայ համայնքի նախաձեռնությամբ և «Ծիածան» բարեգործական հիմնադրամի հովանավորությամբ կազմակերպված դպրոցականների մարզային մրցաշարի հաղթողները պարգևատրվել էին մեկշաբաթյա տուրիստական ուղևորությամբ` դեպի Հայաստան: Գաղափարը ևս Արմեն Պետոյանինն էր: Այժմ վավերագրական ֆիլմ են նկարում հայկական կոնյակի մեր նահապետ Մարգար Սեդրակյանի մասին, ում հետպատերազմյան տարիներին աքսորեցին Օդեսա, որտեղ նա աշխատեց կոնյակի գործարանում և ստեղծեց «Ուկրաինա» և «Օդեսա» կոնյակները: Երբ հետխորհրդային տարիներին վերաբացեցին գործարանը, որը կրում է Շուստովի անունը, բացեցին նաև թանգարան, որտեղ որևէ կերպ չի հիշատակված Մարգար Սեդրակյանի անունը: Հիմա հիմնադրամը դրանով է զբաղվում: «Եթե շատ ավելի համախմբված լինեինք, ավելի մեծ արդյունքների կհասնեինք,-ասում է Արմեն Պետոյանը: Ինչպես սիրում էր կրկնել հայոց լեզվի ուսուցչուհիս՝ եթե չլսես ականջով, թիկունքիդ կխփեն, կհասկանաս»: