«Նորից կրճատվելու են աշխատող մարդիկ». ԱԺ-ում բյուջեի քննարկումներն են

ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում այսօր շարունակվում են 2018թ. պետական բյուջեի նախագծի քննարկումները: Ըստ Ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանի զեկույցի՝ օրենսդիր եւ գործադիր մարմիններում ֆինանսական միջոցների կրճատումներ չեն նախատեսվում:

Ելք խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը, նրան հարց ուղղելով, նկատեց, որ կապի ծառայությունները 500 մլն դրամով աճել են. «Սա անհասկանալի է՝ եթե մարդ չենք ավելացնում, ինչի՞ հաշվի են աճել: Շատ են խոսելու, թե…. երեւի խորհրդարանական կառավարման երկրում շատ են խոսելու…»:
«Չեմ կարծում, որ էդքան շատ հնարավոր է խոսել ընդհանրապես, բայց, եթե թույլ կտաք, դրա պարզաբանումը կգտնեմ ու կասեմ, քանի որ մի տեղ ավելանալը հանգեցրած լինի մեկ այլ տեղ նվազեցմանը»,- պարզաբանեց Ատոմ Ջանջուղազյանը:

Էդմոն Մարուքյանի հաջորդ հարցը վերաբերում էր կառավարման համակարգում հաստիքների կրճատմանը. «Նախորդ Կառավարությունից սկսած՝ ես պահանջում եմ փոխմարզպետների կրճատումը»: Ատոմ Ջանջուղազյանը կրկին դժվարացավ պատասխանել, փոխարենը արձագանքեց ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը. «Չկան»:

«Լավ, ուրեմն էլի աշխատող մարդկանց ենք կրճատելու»,- նկատեց Էդմոն Մարուքյանը: