Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բաքու-Թբիլիսի-Կարսը կարող է ջավախահայությանը արտագաղթի մղել. Ա. Մելիքյան

Քաղաքականություն
3def8f4a9d5d01f28ad34c6602845cc0

ԼՂՀ նախկին արտգործնախարար, քաղաքական վերլուծաբան Արման Մելիքյանն իր ֆբ-յան էջում գրառում է արել, որը ներկայացնում ենք ստորև.  «Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի գործարկումը չի կարելի դիտարկել զուտ որպես տարածաշրջանում մի բացառապես տնտեսական գործոն` այն կարող է ռազմավարական նշանակություն ձեռք բերել Հարավային Կովկասում Թուրքիայի դիրքերն ամրապնդելու և թյուրքական էթնիկ տարրերի արմատավորումն ապահովագրելու տեսանկյունից: Եթե իսկապես իրականությանն են համապատասխանում այն լուրերը, որոնց համաձայն հենց Ադրբեջանն է ստանձնելու երկաթուղու նաև վրացական հատվածի կառավարումը, ապա այդ հանգամանքը Հայաստանի և հայության համար մի շարք տարաբնույթ սպառնալիքների սկզբնաղբյուր կարող է դառնալ: Ընդ որում, այստեղ չեմ անդրադառնա Վրաստանի տարացքով հայաստանյան բեռների տեղափոխման սակագների հնարավոր փոփոխություններին և նման կարգի այլ տնտեսական խնդիրներին: Սկսենք նրանից, որ երկաթուղին կառուցված է Վրաստանի այն տարածքներում, ուր գերազանցապես ադրբեջանցիներ ու հայեր են բնակվում: Դա նշանակում է, որ երկաթուղու կառավարիչները հնարավորություն կունենան տեղերում այնպիսի սոցիալական քաղաքականություն վարել, որի միջոցով ադրբեջանական բնակչությանը կշահագրգռեն ամուր կպած մնալ իր բնակության տարածքին, իսկ հայությանը կդրդեն հեռանալու: Դա հնարավոր է անել, օրինակ, տեղացի աշխատակիցներ ընտրելու հարցում ադրբեջանցիներին նախապատվությունը տալու կամ վերջիններիս` այդ գծի վրա առևտրային գործունեություն կազմակերպելու համար սակագնային արտոնություններ տրամադրելու միջոցով, ինչից հայ բնակչությունը զրկված կլինի: Այսինքն, այս երկաթուղին կարող է ծառայեցվել ջավախահայությանը արտագաղթի մղելու նպատակին: Երկաթուղու շահագործումն անխուսափելիորեն հանգեցնելու է Վրաստանի հարավային գոտու, ասել է թե` հայ-վրացական սահմանի ողջ երկայնքով թուրքական տնտեսական ազդեցության ընդլայնմամբ պայմանավորված նաև Անկարայի ռազմաքաղաքական ազդեցության կտրուկ աճին: Ուստի հավանական կարելի համարել այն, որ ընդամենը մի քանի տարվա ընթացքում նշված գոտում կարող է էապես ավելանալ թյուրքախոս բնակչությունն, իսկ հայության թիվը էապես կկրճատվի: Երկաթուղու գործարկումը նաև Ռուսաստանը շրջանցող Արևելք-Արևմուտք միջանցքի ֆիզիկական ամբողջականացումն է ապահովում, ինչը նկատելիորեն ավելացնում է Ադրբեջանի գինը Մոսկվայի համար և կարող է հանգեցնել ՀՀ գործող իշխանությունների վրա Կրեմլի կողմից գործադրվող ճնշման ճակատագրական աելացմանն ու պահանջվող զիջումների ծավալի` ի վնաս հայկական կենսական շահերի, արմատական ընդլայնմանը: Առանձին հարց է լինելու նաև այն, թե ով է տնօրինելու ԲԹԿ երկաթուղու ու Հայաստանից Վրաստան մտնող երկաթուղու և ավտոճանապարհների հատման կետերը կամ հանգույցները, քանի որ այստեղ ևս կարող են մի ինչ-որ պահի հայկական բեռների տարանցման համար խոչընդոտներ ստեղծվել: Սրանք հնարավոր սպառնալիքների ընդամենը մի մասն են միայն»,- գրել է նա: