«Մեր երկրում կարող են մարդուն հետևել, ձայնագրել, հետագայում որոշում կայացնելու համար» (տեսանյութ)

Ոստիկանության գաղտնի ծառայողները ձայնագրել են «Վելես» իրավապաշտպան  կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանի խոսակցությունը իր երբեմնի մտերիմ Արփի Մերասի հետ: 2015թ. -ի սեպտեմբերի 11-ին Կանադայից ժամանած Արփի Մերասը հանդիպել է Մարինա Պողոսյանին և նրանց խոսակցությունը գաղտնի ձայնագրվել է թե սրճարանում, թե Պողոսյանի սեփական բնակարանում:

Նշենք, որ այս ձայնագրությունները դրված են Մարինա Պողոսյանի դեմ հարուցված քրեական գործի հիմքում, որպես ապացույց:

Հիշեցնենք, որ Մարինա Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դիտավորությամբ ապօրինի, անհատույց եւ շահադիտական դրդումներով, յուրացման եղանակով հափշտակել է իրեն վստահված Արփի Մերասի՝ Երեւան քաղաքի Նալբանդյան 50 շենքի 42 հասցեում գտնվող բնակարանը, դրանում առկա գույքերը եւ դրանց վաճառքից գոյացած 140.000 ԱՄՆ դոլարը: 

Թեմայով առավել մանրամասն զրուցելու համար «Ա1+»-ը հրավիրել է հենց իրեն՝ Մարինա Պողոսյանին: