Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ռեալը» կադրային լուրջ խնդիրներ ունի «Տոտենհեմի» հետ խաղից առաջ

Սպորտ
sport-real

ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգային գործող գավաթակիր Մադրիդի «Ռեալը» ընթացիկ մրցաշարի առաջիկա խաղից առաջ կադրային նոր խնդիրներ ունի: Թիմի հիմնական խաղացողներ Կեյլոր Նավասն ու Գարեթ Բեյլը դեռեւս չեն վերականգնվել վնասվածքից, ուստի բաց կթողնեն չեմպիոնների լիգայի 4-րդ տուրի  «Տոտենհեմի» հետ առաջիկա հանդիպումը: Կոստարիկացի դարպասապահը վերջին անգամ խաղադաշտ է մտել երկու շաբաթ առաջ, հենց անգլիական թիմի հետ առաջին խաղում: Ուելսցի հարձակվող Գարեթ Բեյլը վնասվածք էր ստացել սեպտեմբերի 26-ին Դորտմունդի «Բորուսիայի» հետ խաղում, որից հետո նա բաց է թողել թիմի բոլոր հանդիպումները: Ըստ թիմի բժիշկների վերջին կանխատեսումների, ֆուտբոլիստները պատրաստ կլինեն  «Աթլետիկոյի» հետ մադրիդյան դերբիին, որը տեղի կունենա նոյեմբերի 19-ին, մրցակցի հարկի տակ: Չնայած կադրային խնդիրներին, «Ռեալի» գործադիր տնօրեն Խոսե Անխել Սանչեսը հայտնել է, որ առաջիկա ձմռանը թիմը նոր համալրում չի ստանա: «Թիմի գլխավոր մարզիչը չի ցանկանում նոր ֆուտբոլիստներ հրավիրել թիմ եւ կոնկրետ որեւէ խաղացողի անուն չի ներկայացրել ղեկավարությանը», - ասել է Սանչեսը: Չեմպիոնների լիգայի 4-րդ տուրի «Տոտենհեմ» - «Ռեալ» հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 1-ին, Լոնդոնի  «Ուեմբլի» մարզադաշտում: Բուքմեյքերային գրասենյակները խաղի ֆավորիտ են համարում իսպանական ակումբին: