Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արգելվել է պոլիէթիլենային ծածկերով սահմանազատված սրճարանների գործունեությունը

Հասարակություն
001-1-4

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային  խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ վարչական շրջաններում շարունակվում են ձմռան նախապատրաստական աշխատանքները: Մասնավորապես, քաղաքապետարանի ենթակայության դպրոցներում, նախադպրոցական, մշակութային և առողջապահական հաստատություններում ավարտվել են ջեռուցման համակարգերի փորձարկումները, և ապահովված է  դրանց  անխափան շահագործումը: Անդրադառնալով մայրաքաղաքում բացօթյա սեզոնային սրճարանների գործունեության կազմակերպմանը՝ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է վարչական շրջանների համապատասխան կառույցների հետ համատեղ հսկողություն սահմանել ու բացառել պոլիէթիլենային ծածկերով սահմանազատված սրճարանների ու տաղավարների գործունեությունը:  Միաժամանակ հանձնարարվել է նաև խստորեն հետևել, որ բացօթյա սրճարանների սեփականատերերը կամ վարձակալներն աշխատանքները կազմակերպեն բացառապես իրենց հատկացված տարածքներում: Աշխատակազմի բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ  նախապատրաստական աշխատանքներ են տարվում նոյեմբերի 11-ին կայանալիք համաքաղաքային ծառատունկն ու շաբաթօրյակը պատշաճ կազմակերպելու, ինչպես նաև այդ նպատակով բնակչության իրազեկման և ներգրավման ուղղությամբ: Կոմունալ տնտեսության վարչության պետն էլ զեկուցել է, որ շարունակվում են ներքին շաբաթօրյակները, ինչի հետ կապված էլ հանձնարարվել է սանմաքրման աշխատանքներն իրականացնել ոչ միայն վարչական շրջանների կենտրոնական հատվածներում, այլև երկրորդական փողոցներում, այգիներում և բակային տարածքներում։ Քաղաքապետ Տարոն Մարգարյանը բնապահպանության վարչությանը հանձնարարել է ընթացիկ աշխատանքներին զուգահեռ մայրաքաղաքում սկսել նաև աշնանային էտի գործընթացը՝ ցուցաբերելով մասնագիտական մոտեցում, և այդ աշխատանքների վերաբերյալ նախապես իրազեկել համաքաղաքացիներին: