Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արգելվել է տեսակցել քաղաքական դրդապատճառներով ազատազրկվածներին. զեկույց (տեսանյութ)

Քաղաքականություն
614884e63f58a68dc177f0466e0dae8f

Հայաստանի ՔԿՀ-ներում իրավիճակը 2016 թվականին շարունակել է մնալ մտահոգիչ։ Արձանագրում է ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը, որն այսօր հրապարակեց 2016-ի գործունեության ամփոփումը։ Ազատազրկված անձանցից անցած տարի ստացվել է 112 ահազանգ և իրականացվել է 94 այցելությունը ՔԿՀ-ներ։ Քրեական գործի ընթացքից բողոքել է ահազանգողների 9.6%-ը, հացադուլի և պահման անբավարար պայմանների պատճառով ազատազրկվածներից 12%-ն անհանգստացրել։  «Փաստագրվել են խոնավությունից բորբոսնած, սանիտարահիգիենիկ նվազագույն պայմանների բացակայությամբ սանհանգույցներ, խոնավ խցեր, վխտացող միջատներ, այդ թվում անգամ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում, թեև դա հիվանդանոց է»,- ներկայացնում է Դիտորդական խմբի անդամ Զարուհի Հովհաննիսյանը։ Դիտորդների պնդմամբ՝ 2016-ին անմարդկային պայմաններ են եղել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի որոշ խցերում։ Բազմաթիվ ահազանգերից և ազատազրկված անձանց ինքնավնասումներից հետո այլևս այդ խցերում կալանավորներ չեն պահվում։  «Բազմաթիվ խավարասերներ վխտում են սննդի վրա։ Սա Նուբարաշեն ՔԿՀ-ի մուտքերն են և սանհանգույցը, նմանատիպ վիճակ է նաև կրծողների և խավարասերների տեսանկյունից, 14%-ից ավելի խցերում նմանատիպ վիճակ է արձանագրվել։ Անմարդկային պայմաններ են սանհանգույցներում, երբ բորբոսնած են պատերը, հատակը»,- ասում է Զարուհի Հովհաննիսյանը։ Ազատազրկվածների խնդիրների գրեթե կեսը՝ շուրջ 48.3 %-ը, վերաբերել է առողջապահության ոլորտին։ Որոշակի դրական տեղաշարժ կա՝ «Սևան»-ում և «Արմավիր»-ում։ Միաժամանակ դիտորդական խումբը նկատում է՝ գրեթե բոլոր ՔԿՀ-ներում բուժսպասարկումը պատշաճ մակարդակի չէ, բուժանձնակազմը լիարժեք չէ համալրված, բուժմասերը երբեմն տեղակայված են հին ու ոչ անբարեկարգ կառույցներում, չկան անհրաժեշտ պարագաներ և սարքավորումներ։ Դատապարտյալների շրջանում դիտորդական խմբի ուսումնասիրությունը փաստում է, որ սուր հիվանդություններ ունեցող դատապարտյալներին դեղորայքով ապահովում են հարազատները, իսկ սրտի իշեմիկ հիվանդությամբ և շաքարային դիաբետով հիվանդները պատշաճ չեն ապահովում դեղորայքով, բացակայում են նաև հիվանդություններ հայտնաբերող սարքավորումները։ 2015 թվականի վերջին շահագործման հանձնվեց նոր՝ «Արմավիր» ՔԿՀ-ը՝ նախատեսված 800 դատապարտվածի համար։ Սա թվում էր, վերջնականապես կլուծի ՔԿՀ-ներում գերբնակեցման խնդիրը, սակայն Դիտորդական խմբի գնահատմամբ՝ գերբնակեցումը դեռևս օրակարգային է։ Պահպանվում է հերթափոխով քնելու ավանդույթը, ինչը ՄԻԵԴ-ը դիտարկում է որպես անմարդկային և նվաստացնող։ Թեև 2014-2015-ին Դիտորդական խմբի անդրադարձերից հետո Արդարադատության նախարարությունը խոստացել էր, որ ազատազրկված անձանց սննդի որակը կբարելավվի, այնուամենայնիվ, 2016-ը էական փոփոխություններ չի բերել։ Միջին հաշվարկներով՝ ամեն օր տրվող սնունդն ընդունելուց հրաժարվում է դատապարտյալների 10%-ը։ Ոչ գրավիչ, միանման և ոչ բավարար որակի ուտելիքից հրաժարվողները հույսը դնում են հարազատներից ստացվող հանձնուքների վրա։ Անմարդկային և դաժան վերաբերմունքի դեպքեր ևս դիտրոդական խմբի կողմից արձանագրվել է։ Հիերարխիկ հարաբերություններին ու քրեական օրենքներով կենցաղվարությանը վերջ տալու համար Արդարադատության նախարարությունը հաջողություն չի գրանցել։ Ինչպես որոշ դատապարտյալներ, այնպես էլ ՔԿՀ-ների աշխատակիցները չեն դադարում կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրել թույլ ու չենթարկվողների նկատմամբ։ Ի դեպ, 2016-ին հեշտ չի եղել նաև Դիտորդական խմբի աշխատանքը, որի անդամները ՔԿՀ-ներում հանդիպել են խոչընդոտների։ Գործունեության նախորդ 10 տարիներին խմբի աշխատանքները երբեք այնքան շատ չեն խոչընդոտվել, ինչպես 2016 թվականի ընթացքում։ Խնդրահարույցներից առաջատարը «Երևան-Կենտրոն» հիմնարկն է։ Իսկ «Վարդաշեն»-ում չի թույլատրվել տեսակցել ընդդիմադիր Ժիրայր Սեֆիլյանին։ Ըստ դիտորդների՝ անօրինական կերպով տեսակցություն արգելվել է հատկապես քաղաքական դրդապատճառներով ազատազրկված անձանց։ Խումբն արձանագրում է՝ աշխատանքների խոչընդոտումն անօրինական է և կարող է դիտարկվել որպես կալանավորած անձի հավանական խոշտանգված լինելու վերաբերյալ փաստերը թաքցնելու փորձ։