Նախարարությունն առաջարկում է արգելել ՓՀԷԿ-երի կառուցումը 22 գետի վրա

ԷկոԼուր

ՀՀ բնապահպանության նախարարությունը www.e-draft.am կայքում շրջանառության մեջ է դրել «Փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման և շահագործման համար արգելված գոտիները և գետերի ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծը, որի ընդումամբ կարգելվի ՓՀԷԿ-երի կառուցումը Հայաստանի 22 գետի վրա: «Փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման և շահագործման ընթացքում առաջացել են էկոլոգիական ու սոցիալ-տնտեսական լուրջ խնդիրներ, որոնք ոլորտը դարձրել են բարձր ռիսկայնության և հրատապ լուծում են պահանջում».- նշված է որոշման նախագծի հիմնավորման մեջ:

Որոշման նախագծով նախատեսվում է արգելել ՓՀԷԿ-երի կառուցումը Գավառագետի, Ծակքարի, Լիճքի, Կարճաղբյուրի (Մաքենիս), Մասրիկի, Վարդենիսի, Արգիճիի, Մարտունիի, Ձկնագետի, Հրազդանի, Աղստևի, Ախուրյանի, Որոտանի, Արփայի, Ձորագետի, Եղեգիսի, Ազատի, Մարցի, Գոշի, Մեղրիգետի, Ողջի գետի Կապուտջուղ և Քաջարանց վտակների վրա: Այս գետերում ՓՀԷԿ-երի հետագա կառուցման ու շահագործման արգելքը պայմանավորված է նրանով, որ այստեղ առկա են Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված, կամ տեղանքին բնորոշ ենէնդեմիկ ձկնատեսակներ, ջրային բույսեր՝ հիդրոֆիտներ, որոնք էնդեմիկ ձկնատեսակների ձվադրավայրեր են, գետեր, որոնց ծանրաբեռնվածությունը դերիվացիոն խողովակներով 40 տոկոս և ավելի է:

Որոշման նախագծում մասնավորապես գետերի ծանարաբեռնավածության հաշվարկման համար հիմք են հանդիսացել ՄԱԶԾ/ԳԷՀ փոքր դրամաշնորհային ծրագրի աջակցությամբ «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի և ՀՀ բնապահպանության նախարարության կողմից համատեղ 2014-2016թթ. իրականացված «Աջակցություն փոքր հիդրոէլեկտրակայաններին վերաբերվող բարեփոխումներին՝ գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի`ՓՀԷԿ-երով գետերի ծանրաբեռնվածության հաշվարկները:

Ավելին՝ այստեղ