Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«120 կգ քաշով երիտասարդը բալերոն է ձևակերպվում, որ բանակից խուսափի»

Կարևոր լուրեր Քաղաքականություն
8befaf2318496116da82e4b921c0b108

Վազգեն Մանուկյան. Գիտության ոլորտ կմտնեն մարդիկ, որոնք իսկապես արժանի են գիտությամբ զբաղվելու և ցանկություն ունեն, ոչ թե գալիս են բանակից ազատվելու համար - Պարոն Մանուկյան, Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսվում են ակադեմիական տարկետման կարգի փոփոխություններ: Ըստ այդ փոփոխության՝ ակադեմիական տարկետում կտրամադրվի միայն ՊՆ-ի հետ պայմանագիր կնքող ուսանողներին, որոնք ուսումնառությունից հետո կպարտավորվեն բանակում ծառայել ոչ թե 2, այլ 3 տարի։ Հանրության որոշ շերտեր այս փոփոխությունը համարում են վտանգավոր բարձրագույն կրթական համակարգի և գիտության զարգացման համար: Դուք՝ որպես և՛բանակին, և՛ գիտությանը մոտ կանգնած գործիչ, ի՞նչ կարծիք ունեք այդ փոփոխության վերաբերյալ: - Իհարկե, այս նախագիծը լավ կյանքից չի: Մի կողմից՝ երկրի անվտանգությունն ապահովելու լուրջ խնդիր ունենք, մյուս կողմից՝ նվազած ծնելիություն և արտագաղթ: Բացի այդ, մեր սպայական կազմը, որի մի մասը ձևավորվել է Արցախյան պատերազմի ընթացքում, մյուս մասը՝ Խորհրդայիին Միության բանակից Հայաստան տեղափոխված մեր հայրենակից սպաներից, արդեն ծերանում է, նոր կրթված սպայական կազմի անհրաժեշտություն կա: Երբ խոսում եմ արտագաղթի և ժողովրդագրական խնդիրների մասին, դա առանձին քննարկելու խնդիր է, շատ կարևոր: Բայց հիմա ունենք այն, ինչ ունենք, և այս իրավիճակում պետք է որոշումներ ընդունել: Ինչ վերաբերում է այն հարցին՝ դա կհարվածի գիտությանը, թե ոչ, ապա պետք է ասել, որ օրենքը դրական կողմեր ունի և ունի հետևանքներ, որոնք այնքան էլ դրական չեն կարող լինել: Դրականն այն է, որ մինչև հիմա իսկապես բանակից ազատվելու միջոց էր դարձել գիտության մեջ խցկվելը, և քանի որ սահմանափակ քանակությամբ տեղեր կային ասպիրանտուրայում և այլն, մարդիկ ծանոթով, փողով զբաղեցնում էին այդ տեղերը՝ շատ անգամ դուրս թողնելով ավելի արժանավոր երիտասարդներին: Կար կոռուպցիա: Այս օրենքը գոնե մաքրում է այդ ասպարեզը: Գիտության ոլորտ կմտնեն մարդիկ, որոնք իսկապես արժանի են գիտությամբ զբաղվելու և ցանկություն ունեն, ոչ թե գալիս են բանակից ազատվելու համար: Այսինքն՝ կնվազի կոռուպցիան, կնվազեն բացասական երևույթները, կդժվարանա որոշ պաշտոնյաների՝ իրենց երեխաներին բանակից ազատելու ճանապարհը, և այդ տեսանկյունից գիտության համար դրական կողմ կա: Բացի ամեն ինչից, հայրենիքի պաշտպանությունը վերաբերում է բոլորին հավասարապես Ինչ վերաբերում է բացասականին, ապա պետք է ըստ ոլորտների նայել: Օրինակ՝ ոչ բնական գիտություններով զբաղվող գիտնականները մեծ մասամբ գիտական աշխատությունները գրում են հասուն տարիքում, որովհետև շատ կարևոր է, թե ինչ կյանք ես ապրել, ինչ փորձ ու գիտելիքներ ես կուտակել: Այս տեսանկյունից, կարծում եմ, բանակ գնալը վնաս չի բերի, ընդհակառակը, ավելի հասուն կլինեն իրենց ասպարեզներում: Բնական գիտություններում մի քիչ ուրիշ է, հատկապես՝ մաթեմատիկայում: Անհնարին թվացող շատ հայտնագործություններ կատարվում են հենց երիտասարդ տարիքում, քանի որ մարդու ուղեղն այդ տարիքում ավելի շատ է ունակ բացահայտելու անհնարին թվացող երևույթներ: Եվ պատահական չէ, որ շատ մաթեմատիկոսներ իրենց հայտնագործությունների հիմքը դնում են 20-21 տարեկան հասակում: Եվ այդ ժամանակ նրանց կտրելը գիտությունից վտանգավոր է: Օրինակ՝ ֆրանսիացի մաթեմատիկոս Գալուան, որը 1811 թվականին մենամարտի ժամանակ զոհվել է 20 տարեկան հասակում, համարվում է ժամանակակից բարձրագույն հանրահաշվի հիմնադիրը և մաթեմատիկայի ամենահայտնի դեմքերից մեկն է: Մեր հայրենակից Մերգելյանը 22 տարեկան էր, երբ լուծեց Բերնշտեյնի պրոբլեմը և դրանով մտավ մաթեմատիկայի պատմության մեջ: Այսինքն՝ այդ տարիքը շատ կարևոր է, և մյուս բնական գիտություններում էլ խզումը դրական էլեմենտ չի ունենա: Բայց քանի որ հիմա բանակում մեծ արագությամբ զարգանում է ռազմարդյունաբերական համալիրը, ինչպես կան սպորտսմենների և այլ գումարտակներ, կարծում եմ, որ ռազմարդյունաբերական համալիրը կստեղծի համապատասխան ինստիտուտներ հենց բանակի ներսում, որ այդ շնորհալի երիտասարդները կարողանան, բանակում ծառայելով, չկտրվել նաև իրենց մասնագիտությունից: Ավելի դժվար է, օրինակ, դաշնակահարների կամ ջութակահարների դեպքում, որովհետև նրանք օրական մի քանի ժամ պետք է պարապեն, մատներն անընդհատ վարժանք ենք պահանջում: Կամ ենթադրենք բալերոնների հարցը, և այլն: Շատ դժվար է մի մասի համար բացառություններ սահմանել, որովհետև հենց այդ ճեղքը բացում ես, լցվում են բոլորը: Եվ մեկ էլ կտեսնես, որ 120 կգ քաշով երիտասարդը բալերոն է ձևակերպվում, որ բանակից խուսափի: Իմ կարծիքով՝ ակադեմիական տարկետման հետ կապված խնդիրը հետագայում կունենա նաև այլ լուծումներ, որոնց մեջ միայն դրականը կլինի, բայց մի շատ կարևոր բան կա: Գաղտնիք չէ, որ մեր հասարակության մեջ շատերն իրենց երեխաներին փախցնում են բանակից, շատ անգամ արտագաղթում են բանակից ազատելու համար, այսինքն՝ հայրենիք պաշտպանելու այն զգացողությունը, որ բնական պետք է լիներ նման իրավիճակում գտնվող երկրում, շատերի մոտ, ցավոք սրտի, բացակայում է: Եթե հայրենասիրության, պատասխանատվության այդ մակարդակը չբարձրացվի, հետագայում շատ դժվար կլինի բանակի խնդիրները լուծել: Իհարկե, այստեղ ինչ-որ բան կախված է իշխանություններից, բայց ինչ-որ բան էլ կախված է հասարակությունից, որովհետև ես չեմ կարծում, որ Իսրայելի ներքին կյանքը լրիվ արդար է, չկա կառուպցիա և ամեն ինչ լավ է, բայց Իսրայելի ցանկացած քաղաքացի պատիվ է համարում բանակում ծառայելը: Այսինքն՝ բանակից խուսափելու այս պատճառաբանությունները գոնե կիսով չափ շինծու են: Դրա հետ միասին պետք է լուծել նաև բնակչության աճի հարցը: Ես կարծում եմ, որ իրականում հնարավոր է և´ տնտեսությունը զարգացնել, և´ ներքին կյանքը բարելավել: Նույնիսկ կասեի, որ այնքան էլ համաձայն չեմ հանրապետության նախագահի այն զգույշ նշաձողին, որ 2040 թվականին պետք է հասնել բնակչության շուրջ 4 միլիոն թվի: Պետք է խնդիր դնել 5-6 միլիոնի, և կարծում եմ՝ լրիվ իրատեսական է այդ խնդիրը լուծել ծնելիության բարձրացման և ներգաղթի միջոցով։ vazgenmanukyan.am