Նոր բացահայտումներ՝ Սարյանի կտավների շուրջ (տեսանյութ)

Մարտիրոս Սարյանը ստեղծել է վիթխարի մի պատկերասրահ՝ շուրջ 3 հազար կտավ: «Սարյանը հեղինակել է մի սիմֆոնիա, որը կարիք չունի լեզվի՝ ինքնարտահայտվելու համար, որովհետև գույնը միակ անլեզու խոսքն է, հասկանալի բոլորին, որով խոսում է Մարտիրոսը, և մերը լինելով՝ եղավ բոլորինը»,- գրում էր Վահրամ Փափազյանը:

Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում կայացավ միջազգային գիտաժողով` նվիրված Մ. Սարյանի տուն-թանգարանի հիմնադրման 50-ամյակին: «Թանգարանում առաջին անգամ է անցկացվում գիտաժողով, որին մասնակցում են Հայաստանի և Ռուսաստանի այն թանգարանների ներկայացուցիչները, որտեղ պահվում և ցուցադրվում են Մարտիրոս Սարյանի աշխատանքները:

Տուն-թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանի խոսքով՝ գիտաժողովի գաղափարը վաղուց էր առաջացել: «Կար ցանկություն խթանել Սարյանի արվեստի հանդեպ հետաքրքրությունը: Նաև մեզ համար կարևոր էր հասկանալ, թե ռուսական թանգարաններում պահվող հավաքածուները ինչ վիճակում են և որքանով են ցուցադրված: Գիտաժողովը տիկին Սարյանը հաջողված է համարում:

«Շատ հետաքրքիր և կարևոր զեկուցումները եղան և նաև բացահայտումներ, անգամ մեզ համար», – նշում է նա:

Հայաստանից դուրս Սարյանի կտավների ամենամեծ և լավագույն հավաքածուն գտնվում է «Տրետյակովյան» պետական թանգարանում՝ 68 գեղանկար և 7 գրաֆիկա: Գիտաժողովին մասնակից թանգարանի գիտաշխատող  Վլադիմիր Նիկիշինի խոսքով՝ հավաքածուի բոլոր նկարները ցուցադրված են և Սարյանի հանդեպ  հետաքրքրությունը միշտ մեծ է: «Շուտով մեր թանգարանում համատեղ նոր ցուցադրություն է սպասվում, որի մասին, ի դեպ, առաջին անգամ եմ բարձրաձայնում»,- ասաց նա:

«Սարյանի արվեստի նկատմամբ հետաքրքրությունը պետք է նորից և նորից խթանել, -ասում է տիկին Սարյանը,- հնչեցնել  նոր սերնդի համար: Սարյանի մասին շատ  է խոսվել, շատ է գրվել, բայց սա չի նշանակում, որ նրա թողած ժառանգությունը մինչև վերջ ուսումնասիրված է: Կան շատ խորքեր, որ դեռ ուսումնասիրելու և նորովի բացահայտելու կարիք ունեն: Տուն-թանգարանի թերևս ամենակարևոր խնդիրը Մարտիրոս Սարյանի բոլոր գործերի ամբողջական կատալոգի տպագրությունն է: