Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԱրմՕյլ»-ը չի կատարում տեսչական մարմնի որոշումը. Ա կարգի ռիսկայնություն՝ բնակավայրում (տեսանյութ)

Տնտեսություն
oilll

Հայաստանում «Լուբրեքս» ապրանքանիշի ներկայացուցիչ «Արմօյլ» ընկերությունը չի կատարում ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի որոշումը և շարունակում է Եղվարդ քաղաքում նավթավերամշակման գործարանի շինարարությունը: Այս մասին հայտնում է Էկոլուրը։ Հոկտեմբերի 24-ին տեսչական մարմինը որոշում էր ընդունել դադարեցնել գործարանի շինարարությունը: Պարզվել է, որ ընկերությունը նավթավերամշակման գործարանը կառուցում է` առանց բնապահպանական փորձաքննություն անցնելու: «ԱրմՕյլ»-ը պարտավորեցվել է գործարանի կառուցման համար շրջակա միջավայրի վրա ազդեցության ռազմավարական գնահատում և փորձաքննության իրականացնել: Հոկտեմբերի 27-ին Եղվարդի բնակիչներից ԷկոԼուրը տեղեկացավ, որ գործարանի շինարարությունը շարունակվում է: «Որոշում էր ընդունվել դադարեցնել շինարարությունը, բայց այն դեռ շարունակվում է: Եթե այդ գործարանը կառուցեին ոչ բնակելի վայրում, մենք կողջունեինք, բայց կառուցում են մեր թաղամասում: Մենք տեղյակ չենք բոլոր ռիսկերից, բայց գիտակցում ենք, որ մեզ համար դա վտանգավոր է, հատկապես պայթյունների տեսանկյունից», - ԷկոԼուրի հետ զրույցում ասաց Եղվարդի «Նատի» թաղամասի բնակիչը: Նշենք, որ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով` նավթավերամշակման արտադրությունը ենթակա է փորձաքննության որպես «Ա» կատեգորիայի ամենաբարձր ռիսկայնություն ունեցող գործունեություն: «Ա1+»-ը հոկտեմբերի 10-ին անդրադարձել է խնդրին ու լսել բնակիչների ահազանգը։