Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ջազը մարդկանց հետ հաղորդակցվելու լավագույն միջոցն է. Մարկուս Միլլեր (տեսանյութ)

Կարևոր լուրեր Մշակույթ
miller

«Ընդամենը երեք նոտա նվագելու ընթացքում մարդիկ իսկույն հասկանում են, թե ով է կատարողը: Սա է ջազը: Օրինակ ինձ հինգ նոտայից են ճանաչում»,- ժպտում է Մարկուս Միլլերը։ Աշխարհահռչակ բաս կիթառահար, ջազի, պրոդյուսեր, Մարկուս Միլլերը այսօր  ելույթը կունենա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի դահլիճում Yerevan Jazz Fest 2017 փառատոնի բացման համերգին։  «Փառատոնի մասին մի քանի տարի է՝ լսում եմ: Լսում եմ, թե որքան հետաքրքիր երաժիշտներ են գալիս, որքան գեղեցիկ է այս ակումբի տարածքը: Երբ հրավիրեցին և տեղեկացա, որ կարող եմ մեկ օր էլ այստեղ անցկացնել, ասացի՝ անշուշտ»։ Հայրը երգեհոնահար էր և եկեղեցու երգչախմբի տնօրեն, նա էր որդու երաժշության ուսուցիչը: Առաջին գործիքը բլոկֆլեյտան էր, ավելի ուշ սկսեց կլարնետ նվագել:  «Հասկացա, որ սա իմ գործիքը չէ և տասներեք տարեկանից բաս կիթառ եմ նվագում: Ինքնուրույն սովորեցի»: Միլլերին անվանում են «մարդ-նվագախումբ»: Նվագում է նաև բաս կլարնետ ու սաքսոֆոն: «Գործիքին տիրապետելը ինձ համար, իրականում դժվար չէ: Բայց եթե  հարցնեք՝ որն է այն մեկ գործիքը, որը իմ գործիքն է, դա բասն է, բաս-կիթառը:» Նրա կուռքն են Ջոն Քոլթրեյնը, Չիկ Կորեան, Հերբի Հանկոկն ու  և Մայլս Դևիսը, որի խմբում էլ սկսեց նվագել և գրեց ջազային կոմպոզիցիաներ: Հանդես եկավ նաև որպես պրոդյուսեր։ Ի դեպ, Մայլս Դևիսի ալբոմներից մի քանիսի պրոդյուսերն էր, որպես պրոդյուսեր աշխատեց նաև Ալ Ջերոյի ու համագործակցեց Էրիկ Կլեպտոնի հետ: «Ջազը ակումբային արվեստ է։ Համարվում է,  որ ակումբային երաժշտությունը  մեկ աստիճան ցածր է համերգասրահից: Դյուկ Էլինգտոնը առաջինն էր, որ համերգասրահի բեմ դուրս բերեց ջազը, բայց ասում են հենց համերգից հետո ասաց. «Դե գնանք ակումբ՝ նվագելու»: Ջազը մարդկանց հետ հաղորդակցվելու լավագույն միջոցն է: Սա յուրահատուկ մթնոլորտ է, որ բառերով չես բացատրի»: Yerevan Jazz Fest 2017 փառատոնը կշարունակվի մինչև նոյեմբերի 3–ը: Սպասվում են կուբացի հայտնի ջազ դաշնակահար Գոնսալո Ռուբալկաբայի, Իգոր Բուտմանի ելույթները։ Փառատոնին կմասնակցեն նաև Հայաստանի պետական ջազ նվագախումբը՝ Արմեն Հյուսնունցի գլխավորությամբ, Վահագն Հայրապետյանի քառյակը, Լևոն Մալխասյանը, Ալեքսիս Ավագյանն ու Արտո Թունջբոյաջյանը։ «Yerevan Jazz Fest 2017»-ը նվիրված է հայտնի Zilidjian բրենդի հիմնադիր Ավեդիս Զիլիդջյանին, որը սկիզբ է դրել համաշխարհային ճանաչում ունեցող հարվածային գործիքների՝ ծնծղաների արտադրությանը: