Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԼԱՎ ՀԱՐԵՎԱՆՈՒԹՅՈՒՆ»... ԲԱՅՑ ՄԻԱՅՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԱՆՐԱԿՐԿԻՏ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵԼՈՒՑ ՀԵՏՈ

Տնտեսություն

Թուրքիայի եւ Հայաստանի գործարարների եռօրյա հանդիպումների ժամանակ հիմնականում քննարկվել է 2 երկրների սահմանների հարցը: Հանդիպումը կայացել է թուրքերի նախաձեռնությամբ, որոնք դեռ 1 ամիս առաջ էին ցանկություն հայտնել այցելել Հայաստան: Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության օգնությամբ, Թուրքիայի Իգդիր, Արդվին, Կարս եւ Էրզրում շրջանների գործարարները հանդիպել են Հայաստանի արդյունաբերության փոխնախարարի — հայաստանյան մոտ 30 գործարանների ղեկավարների հետ:

Որեւէ պայմանագիր կամ նախնական համաձայնություն, սակայն, այդպես էլ ձեռք չի բերվել: Օգտվելով Հայաստանում գտնվելու առիթից թուրք գործարարներն ամեն տեղ փորձել են առաջ քաշել իրենց առաքելության հիմնական խնդիրը` Ադրբեջանի եւ նույն Թուրքիայի կողմից շրջափակման մեջ գտնվող Հայաստանի բնակիչներին համոզել, թե ինչ լավ կլինի եթե սկսեն շահագործվել Հայաստանին ու Թուրքիային կապող ճանապարհները:

Թուրք գործարարները, հավանաբար, մոռանում են, որ այդ ճանապարհների բացումը կախված չէ Հայաստանի ցանկությունից եւ որոշումներից: Հայ գործարարներին գայթակղելով այն մտքով, որ սահմանների բացման պայմաններում Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ ապրանքաշրջանառությունը կհասնի 400 միլիոն դոլարի, թուրք գործարարները միաժամանակ նա— հիշեցրին իրենց երկրի «ազգային քաղաքականությունը»: Թուրքիայի կողմից Հայաստանի սահմանները չեն բացվի մինչեւ չլուծվի Ղարաբաղյան հակամարտության խնդիրը: Եթե գործընթացը տեւի 100 տարի, 100 տարի սահմանները չեն բացվի, ասում են թուրք գործարարները եւ ավելացնում, որ խնդիրը կլուծվի, օրինակ՝ Քոչարյանի եւ Ալիեւի առաջիկա քաղաքականության փոփոխությունից:

Ներկայումս Թուրքիա է ներկրվում մոտ 1,5 միլիոն դոլարի հայաստանյան արտադրանք, իսկ Հայաստան մտնող թուրքական ապրանքների գինը հասնում է 45 միլիոն դոլարի:
Համագործակցության նպատակով Թուրքիայից Հայաստան եկած գործարարները 3 օր Հայաստանի տնտեսությանը ծանոթանալուց հետո նույնիսկ դժվարացան հստակեցնել, թե համագործակցության առումով Հայաստանի տնտեսության որ ճյուղերն են իրենց հետաքրքրել: