Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վիգեն Սարգսյանի պատասխանը ԵԼՔ-ին. «Փառք եմ տալիս Աստծուն, որ դուք ձեր մտահորիզոնով փոքրամասնություն եք» (տեսանյութ)

Քաղաքականություն
Vigen-sargsyan

ԱԺ-ում «Զինվորական ծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին» օրենքի նախագծի քննարկմանը Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն իր եզրափակիչ ելույթում հայտարարեց, որ որոշ պատգամավորներն այս նախագիծը պարզունակ դարձրին՝ այն իջեցնելով տարկետման հարցի քննարկմանը, թեեւ նախագիծն ավելի ընդգրկուն ու լայն է. «Այն լուծում է տարիներ շարունակ լուծում չստացած հարցերին՝ բովանդակային լիցք տալիս, լուծում սոցիալական հարցեր: Ցավում եմ, որ Ելք խմբակցությունը չընդունեց իրենց մեկնված ձեռքը ու կոնստրուկտիվ դաշտում լուծել ազգային անվտանգության ու պաշտպանության ոլորտում առկա խնդիրները: Դեստրուկտիվ «ոչ»-ի կողմնակիցները չցանկացան ըմբռնել, որ առաջարկվող լուծումներն անհամեմատ ավելի լավն են, քան բազմաթիվ, այդ թվում՝ իրենց առաջարկած տարբերակները: Այն, ինչ դուք առաջակում եք, դա մանր մեքենայություն են, մինչդեռ ես առաջարկել եմ ավելի լայն քաղաքականություն: Ես դեմ եմ, երբ ասում են, թե լուրջ գիտնականը չպետք է ծառայի բանակում: Ես գտնում եմ, որ նա իր գիտելիքները պետք է ծառայեցնի բանակին՝ որպես սպա: Կարծում եմ՝ իմ առաջարկին ավելի արդյունավետ է, քան ձեր առաջարկած՝ օրենքում 2 տոկոս հայրենական արտադրողից ապրանք գնելու մասին պոպուլիստական ու ոչ մի խնդիր չլուծող բանաձեւը: Մրցակցությունն է առաջ մղում գիտությունն ու արդյունաբերությունը, այլ ոչ թե պրոտեկցիոնիզմը, որը կեղծ հայրենասիրությամբ փորձում է քողարկել իրականում գործ չանելու ցանկությունը»: Այնուհետեւ, անդրադառնալով Ելք խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի առաջարկներին՝ նախարարն ասաց. «Ես, փառք եմ տալիս Աստծուն, որ դուք ձեր այդ մտահորիզոնով փոքրամասնություն եք, այլ ոչ թե մեծամասնություն այս խորհրդարանում: Ո՞ւր է տրամաբանությունը, երբ մի կողմից օլիգարխների ու պաշտոնյաների երեխաների չծառայելու դեմ առերես պայքարողները րոպեներ անց նույն ամբիոնից տարակուսում են, թե ինչու ես՝ որպես Պաշտպանության նախարար, դեմ եմ փողով օրենքի խախտմամբ չծառայողներին լեգիտիմացնելուն: Պարոն Փաշինյան, ձեր երեկ հնչեցրած հետախուզման մեջ գտնվողների թվի զգալի մասը այն 27 տարին առաջիկայում լրացնողներն են, որ սպասում են տարիքը լրանա ու մեր կողմից ընդունված օրենքի ուժով բերեն թուլափայը գցեն բանակին՝ համարելով, որ դրանով իրենք իրենց սահմանադրական պարտքը կատարել են նույն ձեւ, ինչպես առաջնագծում ծառայող երիտասարդը: Ընկել եք հոգեւոր ճեմարանում սովորող 18 սանի հետեւից: Եթե տարկետումն ընդհանրապես հանվի, ապա որեւէ պատճառ չկա, որ այն որեւէ տեղ պահպանվի: Ունենալով 3 բարձրագույն կրթություն՝ ես իմ ծառայությունն անցել եմ որպես սպա, այլ ոչ որպես շարքային: Այսօր էլ, եթե գա նման մի երիտասարդ, պաշտոնապես առաջարկում եմ նրան ծառայություն կամ Գլխավոր շտաբում, կամ Պաշտպանության նախարարությունում:  Վիգեն Սարգսյանն անդրադարձավ նաեւ Ելքի մեկ այլ պատգամավոր Էդմոն Մարուքյանին՝ ասելով. «Ափսոս, պարոն Մարուքյանը դահլիճում չէ, ուզում էի հարցնել՝ երբ իմ ու Կորյուն Նահապետյանի կոմֆորտի մասին է հարցնում, իսկ ինքն իրեն կոմֆո՞րտ է զգում, երբ լեգիտիմ օգտվել են տարկետման իրավունքներից, ոչ միայն չեն ծառայել բանակում, այլեւ... հասկանում եմ ձեզ, պարոն Միրզոյան, դուք 25 տարեկանում ատենախոսություն եք պաշտպանել, դարձել եք գիտնական, ինչի համար շնորհավորում եմ ձեզ: Սակայն զարմանում եմ, թե դուք ինչ խղճով եք ստացել Պաշտպանության նախարարության պատվոգիր՝ մի օր զորամասում չծառայելուց հետո: Ո՞ր ձեր արածի զինված ուժերի համար, որ հիմա էլ այս ամբիոնից ինչ-որ մեկին մեղադրում եք կոմֆորտի-դիսկոմֆորտի մեջ: Ուզում եմ պարոն Մարուքյանին հարցնել շատ հստակ՝ ո՞նց է եղել, որ ինքը զինծառայությանը զուգահեռ բարձրագույն կրթություն է ստացել նույն տարիների ընթացքում, էդ ժամանակ հեռահար կրթություն չկար: Ուզում եմ երեկվա իր բառապաշարն օգտագործել ու հարցնել՝ էդ ի՞նչ թաքուն պայմանավորվածությունների արդյունքում է այդ պայմանավորվածությունը ձեռք բերել, իսկ եթե ֆորմալ առումով ինքը դա կարողացել է անել, ինչի՞ համար է կարծում, որ այսօր զորակոչվող զինվորը չի կարող դա անել, վերին արտի ցորե՞ն է»:  Նա հայտարարեց նաեւ, որ որպես նախարար ինքը որդեգրել է կոռեկտությունը. «Սակայն խնդրում եմ դա չխառնել միամտության հետ: Եթե փորձելու եք դրա վրա քաղաքական միավորներ վաստակել, պատասխանը լինելու է համարժեք: Ինձ համար այս օրերին բացահայտել եմ քաղաքականության մի նոր ճյուղ՝ մեդիամենախոսություն՝ կապ չունի, թե ինչ ես ասում, մոնտաժվում է այս կամ այն կտորը, գցվում է համացանց՝ լայքեր հավաքելու համար: Ոնց ուզում եք քվեարկեք, սակայն հանրությանը մոլորության մեջ մի գցեք»: «Զինվորական ծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին» օրենքի նախագծի քննարկումն ավարտվեց: