Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արցախյան պետականությունը դարձել է հայոց լռության խախտողը»

Քաղաքականություն
unnamed-16-3

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը ներկայացնում է՝ «Արցախյան պետականությունը դարձել է հայոց լռության խախտողն ու ժամանակակից հայոց պետականության երաշխավորը» վերտառությամբ հոդվածը:   Մենք` հազարամյակներ շարունակ լինելով տերը Հայկական բարձրավանդակի և նրա հարակից տարածքների, հայոց վերնախավի դավաճանության և դրամամոլության, իսկ հետագայում` քաղաքական ազգին բնորոշ զարգացվածության կորուստի հետևանքով, երկար ժամանակ չկորողացանք  վերականգնել մեր երբեմնի հզորությունը և՛ որպես ազգ, և՛ որպես պետականություն: Սկսած 1045 թվականից, մենք` հայերս, շուրջ հազարամյակ, մեր հայրենի բնօրրանի տարածքները թողել  ենք անպաշտպան` առանց ազգային քաղաքական անկախության, իսկ հայ ազգին` մատնել անտերության: Ժամանակակից հայոց պետականությունը, որը հիմնադրվեց 1988 թվականի զարթոնք ապրած ազգային-ազատագրական շարժման շնորհիվ, և որի հիմնական կարգախոսն էր` ՄԻԱՑՈՒՄ,  չկարողացավ արձանագրել կարևոր ձեռքբերում` առաջնային ազգահավաք և հողահավաքի ձգտում: Հայ ազգի քաղաքական հայտի ներկայացումը` մասամբ Արևելահայաստանի տարածքային ամբողջականության վերականգնում մայր Արաքսի այս ափից, դաշտային Արցախի, Ուտիքի ու Նախիջևանի ազատագրում և հայ ազգի երկու հատվածների` պատմական հայրենիքում և հայրենիքից դուրս ապրող, քաղաքական միավորումը բաց թողնվեց: Հայ ազգի քաղաքական հայտի ներկայացման ձախողման հիմնական պատճառը կրկին դավաճանությունն է և դրամամոլությունը, և իհարկե հայ ազգի քաղաքական հմտության կորուստը: Ինչպես Հովանես-Սմբատ թուլակամ և ռազմական գործից անտեղյակ արքայի ու դրամամոլ կաթողիկոս Պետրոս Գետադարձի  ժամանակ, այնպես էլ այսօր,  հայ ազգի անունից հանդես եկողները և՛ դավաճան են, և՛ փողամոլ: Բյուզանդիայի արշավանքից ահաբեկված՝ այն ժամանակվա դավաճան և թուլամորթ Հովաննես-Սմբատ արքան, իր բանագնաց Պետրոս Գետադարձի միջոցով համաձայնվում է բոլոր պայմաններին` կնքում է պայմանագիր, ըստ որի, իր մահից հետո Անին իր շրջակայքով ժառանգություն է մնալու Բյուզանդիային, միայն թե իր գահակալության ժամանակ հեռու մնա պատերազմից և չկորցնի գահ: Անիի թագավորության անկումից հետո, այս էլ արդեն քանի դար, չենք կարողանում լիարժեք  վերականգնել մեր տարածքային ամբողջականությունը և քաղաքական անկախությունը: Այսօրվա դավաճանները և դրամամոլները, հայ ազգի անունից հանդես գալով, թշնամու հետ ձեռք են բերում նույն դավաճանական պայմանավորվածությունները, որի հիմքում ընկած է գահ և դրամ ունենալու երաշխիքը: Քառորդ դար բռնակալական  (կառավարվող ժողովրդավարություն) համակարգի ներքո ապրելով, ունենք երկու քաղաքական գործադիր ինստիտուտ` Արցախի և Հայաստանի հանրապետությունների նախագահներ, ովքեր հայ ազգի շահը և պետականությունը պարտավոր են ներկայացնել նախատեսված բոլոր հարթակներում, սակայն իրականության մեջ մեր ազգային շահը բացարձակ անտեսևված է և ի շահս է օգտագործվում դավաճանների և դրամամոլների կողմից: Իբրև ապացույց վերը նշվածի՝  ներկայացնեմ մի քանի կարևոր փաստեր: Այսպես` ·        Ապրիլի 24, 2015 թվական: Հայաստանի Հանրապետություն, Երևան, Ծիծեռնակաբերդ, Ռուսասատանի Դաշնության, Ֆրանսիայի Հանարապետության և Հայաստանի Հանրապետության նախագահների կողքին բացակա էր Արցախի Հանարապետության նախագահը: ·        Ապրիլի 1, 2016 թվական: Արցախի Հանրապետությունը ենթարկվում է թշնամու հարձակմանը: Չկա  թիկունք` Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես չի հայատարարում զինվորական մոբիլիզացիայի   և  հրաման չի արձակում պաշտպանական գործողություններ ձեռնակելու մասին: ·        Ապրիլի 2, 2016 թվական:  Արցախի Հանարապետության զինված ուժերը և հայ ազգի զավակներն ինքնուրույն` ինքնակազմակերպման միջոցով, ոչ ժամանակակից զինտեխնիկայի գործածմամբ, իրականացնում են Արցախի պաշտպանությունը` կանխում են թշնամու մուտքը Արցախի Հանրապետության խորք:  Երբ սկսում են ազատագրել թշնամու կողմից գրավված բարձրունքները, թիկունքը` Հայաստանի Հանարապետությունը, հրամայում է կասեցնել ազատագրումը: ·        Ապրիլի 4, 2016 թվական:  Թիկունքը` Հայաստանի Հանրապետությունը, համաձայնվում է թշնամու` Ադրբեջանի  հետ կնքել զինադադար: ·        Սեպտեմբերի 16, 2017 թվական: Թշնամի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մտերիմ և ջատագով Թելման Իսմայիլովին պատկանող Մոսկավայի «Սաֆիսա» ռեստորանում կեր ու խում, խնջույք և վայելք  են անում Հայաստանի Հանրապետության նախագահի, վարչապետի   և Հայ առաքելական եկեղեցու կաթողիկոսի կարգավիճակ ունեցող անձինք: ·        Հոկտեմբերի 18, 2017 թվական: Ռուսաստանի Դաշնության բանտերից մեկում` դաժան վերաբերմունքի հետևանքով, մահանում է արցախցի գործարար և բարերար Լևոն Հայրապետյանը: Նրա մահը չի արժանանում Հայաստանի Հանրապետության նախագահի և վարչապետի կողմից պաշտոնական ցավակցության գնահատականի: Նրա  թաղման արարողությանը մասնակցում է միայն Արցախի Հանրապետության նախագահը: Ժամանակակից հայկական պետականությունը և նրա այսպես կոչված վերնախավը, գոյատևում է` փաստացի  ազգի և քաղաքական անկախության կարևոր նշանակության հիմքի առկայությամբ` Արցախի Հանրապետությամբ: Այսօրվա դավաճան և դրամամոլ վերնախավի համար ժամանակակից հայկական պետականությունը` Արցախի և Հայաստանի հանրապետությունները, նորագույն Անին է: Այդ վերնախավը կազմել է  ժամանակակից հայկական պետականության կտակը և պայմանավորվել՝  այն իր մահից հետո թողնել թշնամուն: Սիրելի՛ Արցախ, նորից եկել է ժամը խախտելու լռությունը, ինչպես արեցիր ութսունականներին: Սիրելի՛ հայ ազգ, խորը գիտակցի և ինքնակազմակերպվի, Արցախի հետ միասին  դարձի հայոց պետականության հիմնասյունը: Մեծ հայրենազրկումից և մեծ տրոհումից ԴԵՊԻ` ՄԵԾ ՄԻԱՑՈՒՄ: Հ.Գ. Համազոված ենք, որ եթե Թելման Իսմայիլովին պատկանող ռեստորանում անց կացվեր մեծ բարերար Լևոն Հայրապետյանի հոգեհացի արարողությունը (որն իհարկե անհնար էր) դավաճան և դրամամոլ վերնախավը լայն պատվիրակությամբ կմասնակցեր:   «Երկիր Ծիրանի»  կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյան