Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Տրուբա է, Իգլա չի». Սամվել Բաբայան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
samvel-Babayan

Ամբաստանյալ  Սանասար Գաբրիելյանը «Իգլա» տեսակի  զենիթահրթիռային համակարգ  50000  դոլարով ցանկացել է ձեռք բերել բանակին տրամադրելու համար: Նա այսօրվա դատական նիստին հայտարարեց. «Ասեցի  այս անգամ մի լավ բան նվիրեմ իմ բանակին, դրանից առաջ իմ տղաների համար Բելառուսիայից 42 միավոր զենք էի բերում, ոչ ոք չէր ասում՝ էս ինչի ես բերել, որտեղից ես բերել, ինչի չէին բռնում, ինչի էին վերեւ գցում, հերոսացնում: Հիմա մի տրուբա  կապել են վրաներս մի զընգ-զընգ այս կողմ, մի զընգ-զընգ այն կողմ»: Առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չճանաչող Սանասար Գաբրիելյանը հայտարարեց 2016 թ. մայիսից ունեցած մտադրության մասին նա Սամել Բաբայանին տեղյակ չի պահել. «Սամվել Բաբայանին հայտնեի, ասեի՝ ուզում եմ բանակին բա՞ն տանեմ, կամ  Սամվել Բաբայանը որտե՞ղ էր, որ ես ասեի»: Սանասար Գաբրիելյանը  հերքեց այն փաստը, որ Սամվել Բաբայանը  իրեն գումար է  խոստացել ինչ-որ տեսակի զենք ձեռք բերելու համար:  Նրա պաշտպան Ավետիս Քալաշյանին  հետաքրքրեց՝ այդ դեպքում ինչո՞ւ է պլանշետով նկարները ցույց տվել Սամվել Բաբայանին: «Ես փոխգնդապետ եմ, բայց չեմ հասկանում, պարզ է, որ  Բաբայանից խորհուրդ ստանալու համար եմ գնացել, սա աշխատող է, աշխատող չէ, նա էլ ասաց, որ դա ընդամենը լոմ է»: Սանասար Գաբրիելյանը  նաեւ նշեց՝  Սամվել Բաբայանը իրեն խորհուրդ է տվել այդ խողովակը դնել մի արկղի մեջ եւ պահել. «Ասեց մեր կռիվը չի պրծել, մասն էլ,  շուռուպն էլ օգուտ: Մի աֆիցերի կտաս, կտանի զինանոց»,- իրենց խոսակցությունը հիշեց Սանասար Գաբրիելյանը: Դատավոր Արշակ Վարդանյանը  հարց տվեց՝ արդյո՞ք ավելի ճիշտ չէր այդ գումարը ուղղել բանակին, կամ ինչ- որ հիմնադրամների: «Չեմ իմանում այդ գումարը ո՞ւր է գնում,  գնացող էր գումարը, թող այսքան ժամանակ գնար: Ես ուզել եմ իմ կողմից, իմ սրտի թեթեւության համար  անձամբ իմանամ, որ ես իմ բանակին ինչ- որ մի բանով օգնում եմ»,- ասաց Սանասար Գաբրիելյանը: Գործով ամբաստանյալ  Արցախի  պաշտպանության բանակի նախկին հրամանատարին զայրացրեց այն հանգամանքը, որ պարբերաբար  շոշափվում էր Իգլա բառը. «Ես տրուբա եմ օգտագործում, ես Իգլա չեմ օգտագործում, քննության ժամանակ այդքան շոշափել ենք այդ հարցը, չեք գրել»։ Գործով մյուս ամբաստանյալը՝ Արմեն Պողոսյանը, եւս հրաժարվեց ցուցմունք տալ; Նա խնդրեց հրապարակել իր նախաքննական ցուցմունքները:  Արմեն Պողոսյանի կարծիքով՝ զենք ձեռք բերելու իրական պատվիրատուն Սանասար Գաբրիելյանը չի եղել. «Սանասարը ասում էր՝ պետք է համաձայնեցնի ինչ- որ անձանց հետ, ցույց տա ինչ- որ մարդկանց»: Դատական հաջորդ նիստին ցուցմունք կտա Սամվել Բաբայանը: