Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ժնևում հնչած շահարկումների հետևանքով զինվոր է զոհվել երեկ. Էդ. Նալբանդյան

Պաշտոնական
MHM0117495

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքը Լեհաստանի արտգործնախարար Վիտոլդ Վաշչիկովսկիի հետ բանակցությունների արդյունքներով Բարև Ձեզ, ողջունում եմ Լեհաստանի արտգործնախարար Վիտոլդ Վաշչիկովսկուն Երևանում: Այս տարի մենք հայ-լեհական հարաբերությունների համար մեծ կարևորություն ունեցող երկու իրադարձություն ենք նշում. դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը և Լեհաստանում հայկական համայնքի ձևավորման 650-ամյակը: Լեհաստանի հայ համայնքը հաստատուն կամուրջ է հանդիսանում մեր երկու բարեկամ պետությունների միջև: Անցած դարերի ընթացքում հայերը հանդիսացել են Լեհաստանի արժանի քաղաքացիներ՝ որպես տաղանդավոր պետական ու ռազմական գործիչներ, գիտնականներ, արվեստաբաններ: Տարվա ընթացքում բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպվել նվիրված լեհահայությանը՝ ցուցահանդեսներ, համերգներ, գիտաժողովներ, Լեհաստանի Նախագահ Անջեյ Դուդան նախագահական պալատում հատուկ ընդունելություն է կազմակերպել այս կապակցությամբ։ Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր բարձրաստիճան փոխայցելությունների, արդյունավետ քաղաքական երկխոսության և ծավալուն իրավապայմանագրային դաշտի ստեղծման միջոցով մեր երկրներին հաջողվեց կայուն հիմք կառուցել՝ հայ-լեհական հարաբերությունների համապարփակ և բովանդակալից զարգացման համար թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ մակարդակներում: Այս օրերին Լեհաստանում պաշտոնական այցելությամբ է գտնվում ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը, որն արդյունավետ հանդիպումներ է ունեցել Լեհաստանի նախագահի և Սենատի մարշալեկի հետ: Երեկ Հայաստանի Ազգային Ժողովի պատվիրակության ներկայությամբ Լեհաստանի Սենատը բանաձև է ընդունել հայ համայնքի կազմավորման 650-ամյակի կապակցությամբ, որտեղ կարևորում է հայերի դերակատարությունը լեհական պատմության մեջ և շնորհակալություն հայտնում լեհական մշակույթում ունեցած ստեղծարար ներդրման համար: Նույն օրը Սենատում բացվել է «Հայերը Լեհաստանում» խորագրով ցուցահանդեսը: Այս ամենն առավել քան խորհրդանշում է հայ-լեհական դարավոր բարեկամությունը: 2005թ.-ին Լեհաստանի Սեյմը ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևը, իսկ 2015թ. Լեհաստանը համահեղինակել է Հայաստանի կողմից ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում նախաձեռնած «Ցեղասպանության կանխարգելման մասին» բանաձևին: Մենք մեծ ներուժ ունենք տնտեսական ոլորտում, ինչի լիարժեք օգտագործման համար հատկապես կարևոր են միջկառավարական հանձնաժողովի աշխատանքները, որի հերթական նիստը նախատեսված է այս տարվա դեկտեմբերին։ Հավելեմ նաև, որ վերջին շրջանում զարգացել է համագործակցությունն ապակենտրոնացված, գիտակրթական, մշակութային բնագավառներում։ Մենք համագործակցում ենք միջազգային կառույցների շրջանակներում։ Այս համատեքստում ցանկանում եմ շնորհավորել Լեհաստանին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ ընտրվելու կապակցությամբ, ինչին իր աջակցությունն է ցուցաբերել նաև Հայաստանը։ Պարոն Վաշչիկովսկու հետ մտքեր փոխանակեցին մի շարք միջազգային և տարածաշրջային հրատապ խնդիրների շուրջ։ Ես Լեհաստանի արտգործնախարարին ներկայացրեցի միջազգային իրավունքի սկզբունքների՝ ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման, ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման ու տարածքային ամբողջականության հիման վրա, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման առաջմղման ուղղությամբ Հայաստանի և Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող համատեղ ջանքերը: Ցավոք, Ժնևում կայացած գագաթաժողովից հետո տարբեր շահարկումներ են հնչում Բաքվից, և զինադադարի խախտումները շփման գծում շարունակվում են, ինչի հետևանքով զինվոր է զոհվել երեկ։ Մենք համակարծիք ենք Լեհաստանի արտգործնախարարի հետ, որ միջազգային իրավունքի սկզբունքների վրա հիմնված ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա։