Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գագիկ Հարությունյանը կարծում է, որ իրեն առնվազն 5 արժանի հետևորդ կլինի (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Harutyunyan

Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում լիազորությունները դադարեցնելուց 5 ամիս առաջ Գագիկ Հարությունյանը չի բացահայտում, թե ովքեր կարող են լինել իրեն փոխարինող թեկնածուները։ 2018 թվականի մարտի 23-ին կլրանա Գագիկ Հարությունյանի 70-ամյակը, և օրենսդրության պահանջով, նա պարտավոր է հրաժեշտ տալ Երևանի Բաղրամյան 10 հասցեում գտնվող իր նստավայրին։  «Ընդհանրապես ցանկացած մեկին առնվազն 5 արժանի հետևորդ կլինի»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասում է Սահմանադրական դատարանի նախագահը։  2018 թվականը ճակատագրական տարի է նաև Սերժ Սարգսյանի համար, որն ապրիլի 9-ին ավարտում է նախագահության 10-ամյա ժամկետը։ Նա այլևս չի կարող առաջադրվել նախագահի պաշտոնում, բայց Սարգսյանի քաղաքական հակառակորդները պնդում են, թե նա մտադիր է իշխանավարումը շարունակել որպես վարչապետ։ Այդ դեպքում, առերևույթ Սերժ Սարգսյանը չի խախտի նոր Սահմանադրության դրույթները, սակայն փաստացի երրորդ անգամ կստանձնի պետության ղեկը։  Արդյո՞ք այսպիսի զարգացումն, ըստ Գագիկ Հարությունյանի, խնդրահարույց լուծում չէ օրենքի գերակայության տեսանկյունից.  «Դա համարում եմ պարապ խոսակցություն, Սահմանադրական ճգնաժամ եթե լինում է, այդ ճգնաժամը հաղթահարման հնարավորություններ ունի։ Հայաստանում ես այսուհետև բացառում եմ Սահմանադրական ճգնաժամը, որովհետև այս լիազորությունները հնարավորություն է տալիս ցանկացած սուբյեկտի դիմել Սահմանադրական դատարան և ստանալ լիարժեք պատասխան, այնպես որ ճգնաժամեր չեն լինելու»։  Նոր Սահմանադրությամբ՝ Սահմանադրական դատարանի նախագահն ու դատավորները նոր լիազորություններ են ստացել։ Եթե նախկինում դատավորներին արգելված էր մասնակցել քաղաքական ակցիաների ու հավաքների, այժմ նրանք ազատորեն կարող են հայտնվել ընդդիմության հանրահավաքներում, հանդես գալ կոչերով և ելույթներով։   Գագիկ Հարությունյանը մեկնաբանում է. «Չգիտեմ՝ ինչ նկատառումներով է դա արվում, ես չեմ կարծում, որ որևէ դատավոր փորձելու է ակցիայի մասնակցելով իր պրոֆեսիոնալ ցանկությունը կամ ունակությունը արտահայտել»։  Սահմանադրական դատարանի նախագահը մտահոգիչ է համարում, որ Ազգային ժողովը հաճախ է հակասահմանադրական օրենքներ ընդունում։ Վերջին 8  տարվա ընթացքում Գերագույն դատարանը հակասահմանադրական է ճանաչել ավելի շատ օրենքներ, քան Ադրբեջանը, Վրաստանը, Լատվիան, Լիտվան, Մոլդովան միասին վերցրած։ Պատճառներից մեկն այն է, որ օրենսդրությունը չի հասցնում համապատասխանեցվել 10 տարին մեկ փոփոխվող Սահմանադրությանը, կարծում է Գագիկ Հարությունյանը. «Հիմա ստեղծվեց խորհուրդ, որը պետք է օգնի այս օրենսդրական հայեցակարգերի փոփոխությունների այնպես արագ իրականացմանը, որ ներդաշնակ լինի Սահմանադրությանը։ Այս պարագայում արդեն ակտը ընդունող մարմինները ստիպված են լինելու գույքագրել իրենց ընդունած իրավական ակտերը և փոփոխությունները կատարել ժամանակին, որ ամեն ինչ չհասնի Սահմանադրական դատարան»։  Գագիկ Հարությունյան այսօր մասնակցում էր Երևանում 22-րդ անգամ հրավիրվել է միջազգային խորհրդաժողովի։ Այս տարի ընտրվել է«Սահմանադրական դատարանների դերը Սահմանադրական կոնֆլիկտների հաղթահարման գործում» թեման։