Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վառելիքի շուկայում 200-ից ավել տնտեսվարողից մնացել է 2-ը. որտեղից է գալիս թանկացումը (տեսանյութ)

Տնտեսություն
aj-tmpph

Կարագի գինը տարեսկզբից բարձրացել է  շուրջ 35 տոկոսով, թեեւ գնաճը  սկսվել է դեռ 2016թ. սեպտեմբերից՝ կազմելով 53 տոկոս: ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրել է 45 հիմնական տնտեսավարողների ներմուծման փաստաթղթերն ու եկել եզրահանգման, որ պատճառը միջազգային գներն են: «Ձեռքբերումն այդ ընկերությունների թանկացել է շուրջ 87 տոկոսով: Կոնկրետ սա վերաբերում է «Ալեքսգրիգ» ընկերությանը, քանի որ այն կարագի ոլորտում խոշոր ընկերությունն է, որը ներմուծում է անում Նոր Զելանդիայի խոշոր այն մատակարար ընկերությունից, որը աշխարհում մատակարարում է կարագի 10-20 տոկոսը»,- ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում ՏՄՊՊՀ 2018թ. տարեկան ծրագրի քննարկմանը հայտարարեց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը:  Նա նաեւ նշեց՝ կարագը բորսայում վաճառվող ապրանք է եւ անցած տարվա մայիսից այն թանկացել է 126 տոկոսով. «Այսինք, գնային բարձրացումն օբյեկտիվ է եւ պայմանավորված է միջազգային շուկայի զարգացումներով»: Գնաճի մասին խոսելիս ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը հիշեցրեց վերջին 8-9 ամիսների հավաքագրված 90-95 մլրդ դրամ հարկի մասին: Մինչդեռ մինչեւ տարեվերջ պետք է հավաքագրվի 103-105 մլրդ դրամ՝ պետական բյուջեով նախատեսված ծախսերն իրականացնելու համար. «Գնաճը նաեւ, միգուցե օբյեկտիվ պատճառներով արվում է, որպեսզի բյուջեն լցվի, որպեսզի հարկային պարտավորությունները կատարվի: Շատ կոնկրետ օրինակ եմ ասում՝ «Պրեզիդենտ» կարագը վերջին մեկ տարում 3800 դրամից բարձրացել է, դարձել է 5800-6000 դրամ»: ՏՄՊՊՀ ուսումնասիրած հաջորդ ոլորտը բենզինի շուկան է եղել, որտեղ սեպտեմբերին 20 դրամով թանկացում է եղել՝ կազմելով 5-6 տոկոս: Հիմնական պատճառներից մեկը կրկին միջազգային գների բարձրացումն է: «Տարվա սկզբից մինչեւ հիմա 90 հազար տոննա բենզին է  ներկրվել հանրապետություն: Ներկրումն իրականացնում է երեք ընկերություն՝ «Ֆլեշ», «Մաքս պետրոլ» եւ «SPC»՝ ՌԴ-ից, Բուլղարիայից ու Թուրքմենստանից»,- նշեց Արտակ Շաբոյանը: Վառելիքն այն շուկան է, որից կախված է մյուս ապրանքների գների տատանումը: Այդ պատճառով «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն անդրադարձավ «Ֆլեշ» եւ «SPC» ընկերություններին, որոնք գերիշխող դիրք են գրավել շուկայում. «Իրացման շուկայում գնային նույն քաղաքականությունն են վարում տարիներ շարունակ: Ինչի՞ պիտի այս երկու ընկերությունները 94 տոկոսը սպասարկեն, երբ որ ձեզ 1995թ. տվյալներ բերեմ՝ մոտավորապես 200-ից ավելի տնտեսվարողներ այդ շուկայում աշխատում էին»: ՏՄՊՊՀ նախագահը հայտարարեց, որ իրենք գների կարգավորումներով չեն զբաղվում: Հանձնաժողովի՝ 2018թ. տարեկան գործունեության ծրագիրը ԱԺ-ն կքննարկի լիագումար նիստի ընթացքում ու կընդունի ի գիտություն: