Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ղարաբաղ Կարպետ» ընկերության առաջին էկոգորգերն անմիջապես սպառվել են

Տնտեսություն
gorg

«Ղարաբաղ Կարպետ» ընկերության կողմից արտադրված առաջին 10-ը էկոգորգերն անմիջապես սպառվել են: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Ղարաբաղ Կարպետ» ընկերության տնօրեն Սևակ Խաչատրյանը և հավելել, որ էկոգորգերի առանձնահատկությունն այն է, որ այն քիմիական մշակման չի ենթարկվում, զերծ է գունային հավելումներից եւ հանգստացնող ազդեցություն է գործում նույնիսկ վիզուալ իմաստով: Ս. Խաչատրյանի խոսքով՝ թելի ստացումից մինչեւ պատրաստի արտադրանք, գործընթացը կատարվում է առանց ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման, որը ոլորտի համար կարևոր բաղադրիչ է: «Թելը ստանում ենք ավանդական եղանակով. նախ տեսակավորում ենք բուրդը, սանդերքի միջոցով գզում, տարանջատում գույները, ապա մանում ճախարակով կամ իլիկով, իսկ վերջում անխառն ու բնական գույներից ստանում գորգ, որը լվանալուց չի գունաթափվում»,- ասել է Ս. Խաչատրյանը՝ հավելելով, որ աշխատանքները տևում են մոտ 5 ամիս, իսկ հումքը ստացվում է Արցախի և ՀՀ լեռնային տարածաշրջանների ոչխարների բրդից: «Էկոգորգեր են գործել նաեւ մեր նախնիները: Գրականության մեջ նշվում է, որ Հայաստանում գոյություն ուներ 11-12 տեսակի երանգի բուրդ: Սակայն մեզ հաջողվել է ձեռք բերել ընդամենը 7-ը, որոնք համարակալված են ու կոդավորված: Այդ հինն ու նորը հիմա միացնում ենք, ընկերության նկարիչների և դիզայներների կողմից ստանում էկոգորգերի համապատասխան նկարներ, եւ հայկական գորգագործությունը փորձում ենք բարձրացնել նոր մակարդակի»,- ասել է Ս. Խաչատրյանը և ավելացրել, որ իրենք համառ աշխատանք են տանում, որպեսզի ձեռք բերեն նաև այն հին գույները, որոնք երբևէ օգտագործվել են գորգարվեստում: Անդրադառնալով ընկերության աշխատանքներին՝ Ս. Խաչատրյանը նշել է, որ վերջին տարիների ընթացքում «Ղարաբաղ Կարպետ»-ում վերականգնել և գործել են 500-ից ավելի տեսակի գորգեր, իսկ ներկայումս ստեղծում են նաև նոր նախշերով հեղինակային գորգեր: Ընկերությունն, ըստ տնօրենի, ունի 100 աշխատակից, որոնք զբաղվում են ոչ միայն գորգագործությամբ, այլև կարպետների, հուշագորգերի գործմամբ: