Հաջողության բանաձևը երջանկության բանաձևն է. Վիգեն Սարգսյան

«Առաջնորդության մեջ ամենակարևորը հասկանալն է, որ դա աշխատանք չէ, չկա աշխատանքային ժամ: Այն կենսակերպ է, որը ենթադրում է մտքի, խոսքի և գործի ամբողջականություն». «Հաջողության բանաձև»-ի շրջանակում իր ելույթի ժամանակ նշեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

«Առաջնորդությունը հանրային հատվածում» թեմայով վարպետության դասի ժամանակ  նախարարը կարևորեց հասկանալ հանրային առաջնորդի և առաջնորդի տարբերությունները: Վերջինիս համար կարևոր է  հանրությունը՝ մարդիկ, որոնք կիսում են իր տեսլականը.  «Հանրային առաջնորդի համար ամբողջ հասարակությունը, անկախ նրանից՝  քվե տվել է, թե ոչ, դառնում է նրա  հանրության անբաժանելի մասը: Նա  պատասխանատու է ողջ հանրության խնդիրների առջև»:

Ի տարբերություն առաջնորդի՝ հանրային առաջնորդի օրակարգը պարտադիր է կատարման համար, որովհետև նա ընդունում է կառավարության որոշումներ, օրենքներ, որոնցով հասարակությունը սկսում է ապրել: Այս ամենի ճանապարհին կարևոր է չմոռանալ, որ այն, ինչ փորձում ես կյանքի կոչել, պետք է ծառայի ընդհանուր բարեկեցությանն ու առաջընթացին:

Վիգեն Սարգսյանի կարծիքով՝ հաջողության բանաձևը երջանկության բանաձևն է. «Պետք է սիրես այն, ինչ անում ես: Պետք է անես այն մեծ նվիրումով և միշտ ներս թողնես հնարավորությունները»:

Անդրադառնալով նախարարի իր գործունեությանը՝ որպես մեծ ձեռքբերում նշեց ռազմամարզական վարժարանի նոր հասցեն Դիլիջանում: Մոնթե Մելքոնյան վարժարանում են հավաքված այն լավագույն մասնագետները, որոնք ապահովելու են հայկական բանակի ապագա որակը. «Այն կարճաժամկետ չէ, արդյունքը կտեսնենք ոչ թե վաղը, այլ մի քանի տարի հետո»:

loading